Իրանը իսպաներենով լրատվական հեռուստաալիք է բացել
Իրանը սկսում է լրատվական հեռուստաալիքի հեռարձակումը Լատինական Ամերիկայի բնակչության համար: Ինչպես գրում է The Guardian-ը, ըստ նախատեսվածի` Hispan TV-ն պետք է մրցակից դառնա Արևմտյան կիսագնդում Միացյալ Նահանգների լրատվական ազդեցությանը:
Նորաբաց հեռուստաալիքով շուրջօրյա կհեռարձակվեն միայն լուրեր և վավերագրական ֆիլմեր` իսպաներեն լեզվով:
Հեռուստադիտողների առումով` Hispan TV-ի մրցակիցները կլինեն Telesur հեռուստաընկերությունը, որը ֆինանսավորում է վենեսուելական կառավարությունը, և CNN en Espanol-ը` CNN-ի իսպաներեն տարբերակը:
«Մեր ալիքը կդառնա իսպանալեզու ժողովուրդների ու Իրանի միջև փոխըմբռնման լավագույն միջոցը»,- հունվարի 31-ին հեռուստաալիքի բացման հանդիսավոր արարողության ժամանակ ասել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:
Իսլամական Հանրապետության իշխանությունները վերջին տարիներին ձգտում են անգլալեզու Press TV հեռուստաալիքի հեռարձակումը զարգացնել: Վերջերս այն զրկվել է Մեծ Բրիտանիայում հեռարձակման հնարավորությունից:









