ՆԱՏՕ-ն խոչընդոտել է հետաքննել Կոսովոյում օրգանների ապօրինի վաճառքի գործը

18:14 • 01.02.12

Հյուսիսատլանտյան դաշինքը և Կոսովոյում ՄԱԿ-ի ժամանակավոր վարչակազմը (UNMIK) չեն թույլատրել Նախկին Հարավսլավիայի միջազգային դատարանին (ՆՀՄԴ) հետաքննել ինքնահռչակ պետությունում մարդկային օրգանների անօրինական վաճառքի գործը:

Սերբական «Տանյուգ» գործակալությունը մեջբերել է դատարանի նախկին դատախազ Կարլա դել Պոնտեի խոսքերը, ով հայտարարել է, որ նրան դեռ 2004 թվականին ներկայացվել է UNMIK-ի գաղտնի զեկույցը` մարդկային օրգանների ապօրինի փոխպատվաստման փաստերի մասին, սակայն իր գերատեսչությունը չի կարողացել շարունակել հետաքննությունը «բազմաթիվ խոչընդոտների պատճառով» :

«ՆԱՏՕ-ն և UNMIK -ը մեզ չտրամադրեցին կարևոր փաստաթղթեր, իսկ Ալբանիայի իշխանություններն էլ չթույլատրեցին լինել երկրի տարածքում ու ուսումնասիրել շիրիմները»,- ասել է դել Պոնտեն:

Նա, ի դեպ, առաջինն է, ով պաշտոնական մակարդակով հայտարարել է Կոսովոյում մարդկային օրգանների ապօրինի վաճառքի մասին:

Այս քաղաքական սկանդալը «Դեղին տան դոսիե» անունը ստացավ այն բանից հետո, երբ դատարանի քննիչները վիրահատությունների հետքեր գտան դեղին գույնի մի տնակում:

«Վիրահատարանը» գտնվում է ալբանական տարածքում, Բուրել քաղաքից ոչ հեռու:

Դատարանի ներկայացուցիչները ենթադրում են, որ որպես դոնորներ, իրենց կամքին հակառակ, եղել են Կոսովոյում առևանգված սերբերն ու ոչ ալբանացիները: