ԲՀԿ-ն Արթուր Բաղդասարյանի սինդրոմն է օգտագործում, «խաղիկներ է տալիս». Պետրոս Մակեյան
«ԲՀԿ-ն Արթուր Բաղդասարյանի սինդրոմն է օգտագործում. խաղիկներ է տալիս», այսօր կայացած ասուլիսի ընթացքում այսպես արտահայտվեց ՀԱԿ-ի մաս կազմող «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը՝ բնորոշելով «Բարգավաճ Հայաստանի» վերջին շրջանի պահվածքը:
Մակեյանն ու ասուլիսին ներկա մյուս բանախոսը՝ ՀՀԿ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը անդրադարձան նաև նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի՝ վերջին հայտարարությանը։
Օսկանյանի ի հայտ գալը ՀՀԿ պատգամավորի խոսքերով՝ ընկալվում է որպես նախկին նախագահ Քոչարյանի կողմից ներկայացված անձ, մինչդեռ նա հայտարարեց, որ օրերս տեղի ունեցած կոալիցիոն հանդիպումից պարզ դարձավ, որ ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն միասնական են, և «փոր թափելու» քաղաքական գործողություններ չկան:
Մակեյանն էլ նախկին արտգործնախարարին համարում է ամենամեծ վտանգ ներկայացնող քաղաքական դեմքը: Լրագրողների հետ հանդիպմանը խոսելով «հին քաղաքական դեմքերի նոր հայտով ներկայանալուց», նա նշեց, որ ի տարբերություն մյուս քաղաքական ուժերի՝ դա չի վերաբերվում ՀԱԿ-ին, քանի որ նրա խոսքերով՝ այստեղ ներգրավված երիտասարդ ուժերը շատ են: Կոնկրետ իր կուսակցության անունից Պետրոս Մակեյանը՝ հավատացրեց, որ դրանց 60 տոկոսը երիտասարդներ են:
Ինչ վերաբերվում է «Բարգավաճ Հայաստան» և «Հանրապետական» կուսակցություններին, ապա Ռաֆիկ Պետրասյանը նշեց, որ ՀՀԿ-ի միջոցով ԱԺ ուզում են մտնել միայն երեք ներկայացուցիչներ՝ Խոսրով Հարությունյանը, Հայկ Բաբուխանյան և Արտաշես Գեղամյան: Մյուս հավանական թեկնածումներից, ըստ նրա, Պարույր Հայրիկյանը երեկ է հայտարարել, որ առանձին է գնալու, Վազգեն Մանուկյանն էլ նրա խոսքերով՝ այլևս չի ցանկանում պատգամավոր դառնալ:
«Նրանք հին գվարդիայի նախկին քաղաքական գործիչներ են: ՀՀԿ-ին անհրաժեշտ է նայել, թե ում կարելի է ընդգրկել իր ցուցակում և ինչ կարող է դա մեզ տալ»,- ասաց նա՝ օրինակ բերելով Արտաշես Գեղամյանին, թե նախկինում նա Եվրախորհրդարանում բազմաթիվ ելույթներ է ունեցել: Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե այսինքն՝ ՀՀԿ-ն չունի ելույթ ունեցող և Գեղամյանի հույսին է մնացել, պատգամավորը պատասխանեց. «Ունի, բայց ավելի ամրապնդելու կարիք միշտ էլ կա»: Այդուհանդերձ նա նշեց, որ ամեն դեպքում այս քաղաքական գործիչների վերջնական անհրաժեշտությունը կգտնի կուսակցության ղեկավարությունը:









