Կապի և տրանսպորտի նախարարությունն այս տարի ունի 4 գերակա ուղղություն

12:44 • 01.02.12

ՀՀ կապի և տրանսպորտի նախարարությունում, այսօր նախարար Մանուկ Վարդանյանը լրագրողներին ներկայացրեց 2012թ. գերակա խնդիրները, որոնք չորսն են:

Առաջինը Վանաձոր-Ֆիոլետովո երկաթգծի նախագծման աշխատանքների կազմակերպումն է: Ըստ նախարար Վարդանյանի` նոր երկաթգծի կառուցումը կնպաստի ինչպես միջազգային, այնպես էլ միջպետական փոխադրումների հեռավորությունների կրճատմանը:
Երկրորդ գերակա խնդիրը Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի կառուցումն է: Նախարարությունը փորձելու է ավարտել ավտոճանապարհը, և այդ ուղությամբ ֆինանսական խնդիրների լուծման համար սպասում է Ասիական զարգացման բանկի պատասխանին: Նախարար Վարդանյանի խոսքով` հնարավոր է վերջնական արդյունքում ստանալ` Բավրայից-Մեղրի միջպետական ավտոճանապարհ:

Երրորդ գերակա ուղղությունը ավտոկայանների և ավտոկայարաններին է վերաբերում: ՀՀ-ում կա 4 ավտոկայարան և 23 ավտոկայան: Ըստ նախարարի` այստեղ խնդիրների լուծումը ֆինասնական ռեսուրսների հետ է կապված: Կայարաններում և ավտոկայաններում խնդիրները շատ են` սկսած կենցաղայինից մինչև նյութատեխնիկական:

Վերջին` չորրորդ, գերակա ուղղությունը հեռուստաընկերությունների թվայնացմանն է վերաբերում, ըստ նախարարի արդեն սկսելու են բանակցություններ` հեռուստաընկերությունների թվայնացման ուղղությամբ: