Ուղևորաշրջանառության համախառն ծավալն աճել է 2011-ին
Սահմանային անցակետերով իրականացվող արտաքին ուղևորաշրջանառության համախառն ծավալը 2011թ. հունվար-դեկտեմբերին կազմել է 3.934., 2010թ.՝ 3.555.1-ի համեմատ, այս տվյալները ստացվել են ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգով, որոնք այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց Հայաստանի ազգային վիճակագրության ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
Ուղևորափոխադրումների հաշվեկշիռը (ժամանումների և մեկնումների տարբերությունը) 2011թ. հունվար-դեկտեմբերին կազմել է -43.8 հազ., 2010թ.-ին արձանագրված՝ -46.7 հազ. ուղևորության համեմատ:
«ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից ստացված տվյալների համաձայն ժամանումների և մեկնումների քանակակազմերում 2011թ. գերակշռել են ՀՀ քաղաքացիները, համապատասխանաբար` 53.4% և 54.7%, Վրաստանի քաղաքացիները`15.6% և 15.2%, ՌԴ քաղաքացիները`15.3% և 14.8%: Որոշակի մասնաբաժին են ունեցել նաև Իրանի քաղաքացիները, համապատասխանաբար`7.2% և 7.0%»,- ասաց նա:
Ինչպես ժամանումների, այնպես էլ մեկնումների քանակակազմերում տղամարդիկ կազմել են 66%, կանայք` 34%:
Իսկ թե 2011թ-ի ընթացքում որքան մարդ է հեռացել ՀՀ-ից ԱՎԾ-ի մասնագետը չկարողացավ պատասխանել` ասելով, որ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության տարածքային անձնագրային բաժինների տրամադրած տեղեկատվության վիճակագրական տվյալները ընգրկում են բոլոր մուտքերն ու ելքերը: Այս տվյալների մեջ են հայտնվում նաև միևնույն մարդու բոլոր մուտքերն ու ելքերը:
«Դեռևս չունենք այնպիսի համակարգ, որը գրանցեր, թե մի մարդը քանի անգամ է մեկնել ու հետ վերադարձել: Եվ դեռևս հնարավոր չէ պարզել թե քանի մարդ է օրինակ անցած տարի հեռացել և դեռ չի վերադարձել»,- նկատեց նա:









