Պուտինը չի բացառում ընտրությունների երկրորդ փուլը

16:22 • 01.02.12

Ռուսաստանի Դաշնության վարչապետ, նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինը չի բացառել նախագահական ընտրությունների երկրորդ փուլի անցկացումը: Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ» գործակալությունը, այս մասին Պուտինն ասել է երիտասարդ իրավաբանների հետ հանդիպմանը, որոնք ցանկանում են ընտրությունների ժամանակ դիտորդներ աշխատել:

«Ինչպես գիտեք, գործող օրենսդրության համաձայն` մեզ մոտ հնարավոր է երկրորդ փուլի անցկացում: Դա կախված է քաղաքացիներից: Ես չէի առաջադրի իմ թեկնածությունը, եթե չմտածեի հաղթելու մասին»,- ասել է նա:

Նախագահի թեկնածուի խոսքով` դրանում ոչ մի սարսափելի բան չկա:

«Ես դրան պատրաստ եմ, եթե պահանջվի` կաշխատենք երկրորդ փուլում»,- ասել է նա:

Պուտինի խոսքով` այն մարդիկ, որոնք դրական են գնահատում իր աշխատանքը` և որպես նախագահ, և որպես վարչապետ, կգան ընտրությունների և կքվեարկեն իր օգտին:

«Իսկ իմ կողմնակիցներից շատերն էլ կարող են չգալ` մտածելով, որ նա (Պուտինը) առանց դրա էլ կհաղթի, և իրենք այդտեղ անելիք չունենք»,- մտահոգություն է հայտնել վարչապետը:

Ըստ նրա` ընտրությունները պետք է լինեն արդար, արդյունքները` օբյեկտիվ:

ՌԴ նախագահական ընտրությունները կանցկացվեն մարտի 4-ին: