Անարդյունավետ պետմեքենան կարող է ղեկավարել միայն Պուտինը. Պրոխորով

17:26 • 01.02.12

Ռուսաստանի Դաշնության նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինը միակն է, ով կարող է ղեկավարել գոյություն ունեցող անարդյունավետ պետական մեքենան: Ինչպես հաղորդում է vz.ru գործակալությունը, այս մասին այսօր հայտնել է նախագահական ընտրություններում Պուտինի մրցակից, միլիարդատեր Միխայիլ Պրոխորովը:

«Պուտինը միակն է, ով կարող է ղեկավարել նման անարդյունավետ մեքենան: Ես չեմ կարող դա անել: Ես այն արդյունավետ կդարձնեմ», - մամուլի ասուլիսում ասել է Պրոխորովը:

Նա հերթական անգամ քննադատել է Պուտինի նախընտրական հոդվածները (վարչապետի նախընտրական կայքում տեղադրվել են նրա երեք հոդվածները)` դրանք անվանելով «ծրագիր փոքրամասնության համար»:

«Ես կանեմ ծրագիր մեծամասնության համար»,- ասել է միլիարդատերը:

Նա համոզված է, որ նախագահական ընտրությունները կանցկացվեն երկու փուլով, իսկ երկրորդ փուլում կլինեն ինքն ու Պուտինը: