Պակիստանը աջակցում է տալիբներին. ՆԱՏՕ
Բրիտանական BBC-ի «ձեռքն է ընկել» ՆԱՏՕ-ի գաղտնի զեկույցը, ըստ որի Աֆղանստանում «Թալիբան» շարժմանն անմիջական օգնություն են ցուցաբերում Պակիստանի հատուկ ծառայությունները: Զեկույցը հիմնված է թալիբների գերիների ու «Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման անդամների հարցաքննությունների վրա:
Հրապարակման համար չնախատեսված զեկույցի հեղինակները վստահ են, որ Պակիստանը գիտի «Թալիբան»-ի առաջնորդների գտնվելու վայրերը:
Ինչպես հաղորդել է BBC-ի թղթակիցը Քաբուլից, այս զեկույցը «տհաճությամբ կընթերցեն Աֆղանստանում միջազգային ուժերի հրամանատարությունն ու Քաբուլի իշխանությունները»:
Պակիստանի իշխանությունները ՆԱՏՕ-ի գաղտնի զեկույցը բացարձակ անհիմն են անվանել: Պակիստանի արտաքին գործերի նախարարության անանուն ներկայացուցիչն ընդգծել է, որ Իսլամաբադը չի միջամտում Աֆղանստանի ներքին գործերին:









