Սերոբ Տեր-Պողոսյանը չի պահանջել պարզել իր հիվանդության «բռնելը» կառավարության ցանկին. պաշտպան
Մանկապղծության համար Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 15 տարի ազատազրկման դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանը, որն այս պահին գտնվում է Միքայելյանի անվան հիվանդանոցում, իր պաշտպանին որևէ հրահանգ չի տվել փորձաքննություն պահանջելու մասին: Այս մասին Tert.am-ին ասաց դատարանում նրա շահերը ներկայացնող Գիվի Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ ըստ մամուլի՝ Սերոբ Տեր-Պողոսյանի աղիքի ուռուցքը հնարավոր է համապատասխանի ՀՀ կառավարության թիվ 825 որոշմամբ սահմանված «Պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկ»-ում ներառված հիվանդություններից մեկին: Ինչի արդյունքում Տեր-Պողոսյանը հնարավոր է հայտնվի ազատության մեջ:
«Այս մասին մամուլն է գրել, որ «հնարավոր է», ու կոնկրետ ես չգիտեմ՝ մենք այդ հիվանդություններին համապատասխան հիվանդությունների հարցով փորձաքննություն կանե՞նք, ինքն էլ չի ասել՝ «մի հատ տե՝ս, բռնու՞մ ա, թե չէ»,- Tert.am-ին ասաց Գիվի Հովհաննիսյանը, ով մեր զրույցի պահին շտապում էր իր պաշտպանյալի հիվանդասենյակ: Փաստաբանն անձամբ ինքն էլ չգիտի՝ իր վստահորդի հիվանդությունը համապատասխանու՞մ է, թե ոչ, սակայն ասաց, որ օրենքի պահանջներով՝ այդ մասին տրվում է բժշկական եզրակացություն:
Հիշեցնենք, որ այսօրվա մամուլում, հղում անելով դատախազության անանուն աղբյուրներին, չէր բացառվել այն հնարավորությունը, որ նման եզրակացության դեպքում Սերոբը կարող է հայտնվել ազատության մեջ և արտերկրում: Ի պատասխան հարցի, թե ազատության մեջ հայտնվելու պարագայում մանկապիղծն իրավունք ունի՞ Հայաստանից մեկնելու, օրենսդրությամբ նրա այդ իրավունքը որևէ կերպ սահմանափակվա՞ծ է, թե ոչ, աղբյուրները հայտնել էին, որ օրենսդրությամբ այդ խնդիրը բաց է: Այսինքն՝ եթե անձին հիվանդության պատճառով պատժից ազատ են արձակում, օքենքով նրա կողմից որևէ պարտավորություն՝ Հայաստանից չմեկնելու վերաբերյալ, սահմանված չէ։ Միայն հետագայում՝ առողջանալու դեպքում համապատասխան կարգով վերանայվում է կասկածյալին կամ դատապարտյալին ազատազրկման վայր վերադարձնելու հարցը։
Նշենք, որ Սերոբ Տեր-Պողոսյանը դեռ վիրահատված չէ: Նրա փաստաբանի՝ ընդհանուր իրավասության դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոքով առաջին դատական նիստը նշանակված է փետրվարի 3-ին:









