Սիրիայի ներկայացուցիչն Արևմուտքին մեղադրել է «երկակի խաղերի» մեջ

10:56 • 01.02.12

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հունվարի 31-ին կայացած նիստում քննարկել է արաբա-եվրոպական երկրների`Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Պորտուգալիայի, ԱՄՆ-ի, Կատարի ու Մարոկոյի` Սիրիայի խնդրով մշակած բանաձևի նախագիծը: Այն հաստատում է Արաբական երկրների լիգայի (ԱԵԼ)` խնդրի խաղաղ կարգավորման ծրագիրը, որը ներառում է նախագահ Բաշար ալ Ասադի կողմից իշխանությունը փոխնախագահին փոխանցելու և Դամասկոսի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ կետեր:

Ինչպես հաղորդում է «Ալ Արաբիա»-ն, կտրուկ քննադատությամբ է հանդես եկել ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին: Նա հայտարարել է, որ Դամասկոսը մտադիր է դիմակայել իր «թշնամիներին», նաև մեղադրել է արևմտյան երկրներին «երկակի խաղերի» և Սիրիայի շուրջ «կրակը բորբոքելու» մեջ:

«Չի կարելի լինել կրակ բորբոքող ու հրշեջ միաժամանակ»,- ասել է Ջաֆարին:

ԱԵԼ-ի ներկայացուցիչները, իրենց հերթին, ՄԱԿ-ի Անվտանգության խոչհրդին  կոչ են արել աջակցել Ասադի հրաժարականը պահանջող բանաձևին, ինչպես նաև ձեռնարկել վճռական քայլեր Սիրիայում բռնությունները վերացնելու ուղղությամբ:

Կատարի վարչապետ շեյխ Համադ բին Ջասիմ ալ Թանին հայտնել է, որ ԱԵԼ-ը վերջին տասն ամիսների ընթացքում փորձում է պայմանավորվել Ասադի ռեժիմի հետ, սակայն բոլոր փորձերն «անարդյունավետ» են: Նրա խոսքով` սիրիական կառավարությունը գոյություն ունեցող հակամարտության կարգավորման միակ լուծումը տեսնում է «սեփական բնակչությանը սպանելու մեջ»:

Բանաձևին կողմ են արտահայտվել նաև Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ալեն Ժյուպեն ու ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Վերջինիս խոսքով` որքան երկար Ասադը մնա իշխանության ղեկին, այնքան ավելի դժվար լուծելի կդառնա Սիրիայում տիրող իրավիճակը:

Նախորդ տարվա մարտից Սիրիայում բախումներ են տեղի ունենում զինվորականների ու Ասադի հակառակորդների միջև: ՄԱԿ-ի տվյալներով` այս ընթացքում զոհվել է մոտ 6.000 մարդ: