ԲՀԿ-ն կսատարի Սերժ Սարգսյանին. Վարդան Բոստանջյան

12:17 • 01.02.12

2013թ-ի նախագահական ընտրություններին ըստ Վարդան Բոստանջյանի ԲՀԿ-ն սատարելու է նախագահ Սերժ Սարգսյանին: Այս մասին նա այսօր հայտարարեց լրագրողների հանդիպման ժամանակ:

«Մենք առիթ չունենք նախագահին չսատարելու համար: Թեև ես զերծ եմ մնում իմ ղեկավարի անունից խոսել, բայց մենք ունենք փաստաթուղթ որը ենթակա չէ փոփոխման»,-ասաց Վարդան Բոստանջյանը:

Իսկ այն հարցին, թե որքանով է նա հավանական համարում Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունը նախագահական ընտրություններին, Բոստանջյանը պատասխանեց. «Եթե հարցը այդքան հրատապ է ձեզ համար, գնացեք երկրորդ նախագահից հարցրեք»:

ԲՀԿ-ական պատգամավորն անդրադարձավ նաև օրերս մամուլում տարածված Վարդան Օսկանյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ նա հնարավոր է համագործակցի ԲՀԿ-ի հետ:

«Եթե նկատեցիք, հայտարարության մեջ հստակ բան ասված չէր: Նա պրոֆեսիոնալ անձնավորություն է, որը եղել է տարբեր դաշտերում: Եթե ցանկություն ունի մասնակցել ընտրական գործընթացին, դա նրա իրավունքն է: Բայց նա փնտրտուքի մեջ է»,- ասաց բանախոսը և ավելացրեց, որ այս պահին տեղին չէ հաշվել Օսկանյանի որևէ կուսակցության հետ համագործակցելու հավանականության աստիճանը: