Կոալիցիոն կուսակցությունների միջև նոր հուշագրի ստորագրումը Վարդան Բոստանջյանը նորմալ է համարում

11:57 • 01.02.12

Կոալիցիոն կուսակցությունների միջև նոր հուշագրի ստորագրումը ԲՀԿ պատգամավոր Վարդան Բոստանջյանը նորմալ երևույթ է համարում, քանի որ նման բան ընդունված է ամբողջ աշխարհում:

«Նոր փաստաթուղթ դեռ չգիտեմ կլինի թե չէ, բայց եթե լինի ուրեմն որոշ կետեր ավելի պարզաբանելու կարիք ունեն: Բայց դա չի նշանակում, որ ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի միջև վստահության դեֆիցիտ կա»,- վստահեցրեց Վարդան Բոստանջյանը և մեղադրեց մամուլին ամեն ինչից պատմություն սարքելու մեջ. «Բանավոր խոսելուց վատ բան չկա աշխարհում»: Միաժամանակ նա նշեց, որ լարվածություն, այնուամենայնիվ, կոալիցիոն ուժերի միջև գոյություն ունի:

«Լարվածությունը և վստահության դեֆիցիտը տարբեր բաներ են: Լարվածությունը, որին մենք իբր ականատես ենք, պայմանավորված է մրցապայքարով: Բոլորը ուզում են հաղթող լինել: Մինչև անգամ մենք դիմում ենք բժիշկների, որ հանեն մեր լարվածությունը»,-ասաց Վարդան Բոստանջյանը:

Նա նաև վստահեցրեց, որ կոալիցիոն միությունը աշխատել է, որ պահպանվի իրենց միջև կայունություն:

«ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն հզոր քաղաքական ուժեր են: Ինչպես տարբեր հարցերի շուրջ ընտանիքի ներսում են տարաձայնություններ լինում, բնականաբար նման խոսակցություններ կլինեն նաև երկրի շրջանակում»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը: