Նույն գետը երկու անգամ չեն մտնում. Ալեքսանդր Արզումանյան
ՀԱԿ-ի հետ հնարավոր դաշինքի մասին հարցին ի պատասխան «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը ասել է, որ դա նման կլիներ «մի գետը երկու անգամ մտնելուն»: «Սա», -հիշեցրել է բանախոսը,- ասել է ոչ թե ինքը, այլ «հին չինացիք»: Այս մասին Արզումանյանն ասել է այսօր կայացած ասուլիսին:
Նախորդ բոլոր ընտրությունների փորձն ապացուցել է, որ Հայաստանում անհնար է եղել խորհրդարանական ընտրություններից առաջ չփոշիացնել ընդդիմության ընտրազանգվածի ձայները: Ալեքսանդր Արզումանյանը՝ համաձայնվեց այն հարցադրման հետ, որ այս անգամ էլ ընդդիմությունն ընտրություններին մասնակցում է 3-4 բլոկով և այդպիսով փոշիացնում է ժողովրդի ձայները:
«Դա փաստ է, ո՞նց կարող ենք փոխել այն, ինչ նախորդ բոլոր ընտրություններում անհնար է եղել»,-ասաց Արզումանյանը, ըստ էության նորմալ համարելով, որ այդ մոբիլիզացիան քիչ թե շատ հնարավոր է միայն նախագահական ընտրությունների ժամանակ:
Այս պահին «Ազատ դեմոկրատները» տարբեր ֆորմատներով բանակցում է «Ժառանգության» հետ հնարավոր դաշինքի շուրջ, ինչն այսօր Ալեքսանդր Արզումանյանը ընդամենը շատ հավանական համարեց: Իսկ մնացած բոլոր ընդդիմադիր ուժերի հետ կհամագործակցեն այլ ֆորմատներում. Ընտրակեղծիքների դեմ կռիվ կտան ընտրատեղամասերում, կբողոքարկեն դրանք դատական ատյաններում:
Արզումանյանն այս համատեքստում ընդգծեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանի 11 նախընտրական շտաբերից 7-ը ղեկավարել են «Ազատ դեմոկրատներ»-ի անդամներ:
Ալեքսանդր Արզումանյանը նաև պատասխանեց հարցին, թե ինչու «Ազատ դեմոկրատները» որոշեցին ավելի սերտ համագործակցել ոչ թե ՀՅԴ-ի, այլ «Ժառանգության» հետ: Առաջինի դեպքում խանգարում են գաղափարական հակադիր բևեռներում լինելու հանգամանքը, իսկ օրինակ՝ «Ժառանգության» գաղափարախոսությունը հոգեհարազատ է «Ազատ դեմոկրատներ»-ին:
Ըստ Արզումանյանի՝ խորհրդային ժամանակներից եկող մտայնություն կա, թե լիբերալիզմ դավանող քաղաքական ուժերը ապազգային են, կոսմոպոլիտ և «չեն սիրում իրենց հայրենիքը»: Եվ այդ առումով իրենք ժողովրդի մի ստվար հատվածի այդ սպասումները սպասարկելու լավ միջոց են գտնում «ժառանգության» հետ համագործակցությունը:
Նախկին համախոհների և կուսակիցների մասին այսօր Ալեքսանդր Արզումանյանը կրկնեց նախկինում ասածը, որ ցավոք, ՀՀՇ-ն այսօր վերածվել է ոչ թե առանձին կառույցի, այլ Հայ ազգային կոնգրեսին սպասարկող «օժանդակ կառույցի»: Այլ հարց է, որ Արզումանյանը չգիտի այն հարցի պատասխանը՝ «դա լա՞վ է, թե վատ»:
Հաջորդ գումարման խորհրդարանը շատ ավելի լավն է լինելու, քան չորրորդ գումարմանը, քանի որ « Ալեքսանդր Արզումանյանը վստահ է, որ նրանում հաստատ ընդդիմադիր քաղաքական ուժերի շատ ավելի լայն սպեկտր ներկայացված կլինի, քան իր խոսքով ներկա վեց ընդդիմադիրներն են: Այս վստահությունը վերաբերում է նաև «Ազատ դեմոկրատներին», որի ներկայացուցիչներն, ըստ Արզումանյանի, հաստատ ավելի շատ կլինեն, քան երեք-չորս պատգամավորը:
Ինչ վերաբերում է «Ազատ դեմոկրատներին» համամասնական ցուցակին, ապա ըստ բանախոսի՝ այս քաղաքական ուժում կարևորություն չեն տալիս հարցին, թե ով պետք է գլխավորի ցուցակը:
«Մեր կուսակցությունը 21-րդ դարի կուսակցություն է, այն ձևավորված է ոչ թե մեկ անձի, այլ թիմային աշխատանքի շուրջ»,- ասաց Ալեքսանդր Արզումանյանը՝ հավելելով, որ իրենց մոտ բոլոր որոշումներն ընդունվում են կոնսենսուսով կամ «իրար համոզելով»:









