Լավագույն տարբերակը կլինի ներքին պայմանավորվածությունը ՀԱԿ-ի և ՀՀԿ-ի միջև. Արման Մելիքյան

13:37 • 02.02.12

ԼՂ նախկին Արտաքին գործերի նախարար Արման Մելիքյանը ԱԺ ընտրություններին չի գնա՝ ոչ մեծամասնական, և ոչ էլ համամասնական ցուցակով: Այս մասին նա այսօր հայտարարեց հրավիրված ասուլիսին: Պատճառը մեկն է՝ նա համոզված է, որ ընտրություններն արդար չեն լինի, ինչպես արդար չեն եղել և նախորդները:

Նա առաջ քաշեց երկու տարբերակ, կամ ուղղակի կկեղծվեն ընտրությունները, կամ էլ ընդդիմությունը գործարքի մեջ կմտնի իշխանությունների հետ և խորհրդարանում լսելի ձայն կստանա: «Լավագույն տարբերակը կլինի, իհարկե, ներքին պայմանավորվածությունը, մասնավորապես ՀԱԿ-ի և ՀՀԿ-ի միջև»,- ասաց նա:

Արման Մելիքյանը կանխատեսեց, որ ըստ այդմ՝ այս ընտրությունները կլինեն «ճահճային վերջին ընտրությունները», քանի որ կհասնենք հատակին:

Իր վերաբերյալ նա նշեց. «Խորհրադրանից դուրս պետք է լինի մի քաղաքական հատված, որ կարողանա հանրությանը ներկայացնել իրական պատկերը, որպեսզի լավին լավ ասի, վատին՝ վատ»,- ասաց նա:

Այդուհանդերձ նա իր տեսակետն ուներ ամբողջական համամասնական ցուցակին անցնելու բավական մեծ թվով քաղաքական ուժերի միասնական առաջարկին: Արման Մելիքյանը կողմ է խառը ընտրակարգին, քանի որ ըստ նրա՝ հակառակ դեպքը թույլ կտա մենաշնորհ սահմանել քաղաքական կուսակցությունների նկատմամբ:
Արման Մելիքյանի կանխատեսմամբ ԱԺ կանցնեն 7 քաղաքական ուժ։

«Մեզ համար համարժեք չէ՞ 40 օլիգարխի և Վիկտոր Դալլաքյանի փոխարինումը անդեմ կուսակցական զանգվածի հետ»,- ասաց նա՝ նկատի ունենալով որ 41 ընտրատարածքներից ընտրված պատգամավորներից միայն Դալլաքյանը օլիգարխ չէ:
Նախկին ԱԳ նախարարն այլ կանխատեսումներ նույնպես ուներ: Ըստ նրա՝ այս ընտրություններին բախումներ չեն լինի, ի տարբերություն նախորդ նախագահականի, որը նա ճշգրտությամբ կանխատեսել էր: Բացի այդ, նա հավանական համարեց ՀՅԴ, «Ժառանգություն» և ԲՀԿ համագործակցությունը: