«Սարդարապատ»-ը Շառլ Ազնավուրից խնդրում է Երևանի իր տուն-թանգարանը
«Սարդարապատ» շարժման անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյան բաց նամակ է հղել Հայաստանի ազգային հերոս, Շվեյցարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Շառլ Ազնավուրին` խնդրելով Երևանում իշխանությունների կողմից իրեն հատկացված տուն-թանգարանը փոխանցել Հայաստանի քաղաքացիական հասարակության կարիքների համար:
Նամակում Խզմալյանը նշում է, որ դրանով կապահովվի այնտեղ խոսքի և հավաքների անցկացման սահմանադրական իրավունքները և այն կվերածվի իրական ազատ խոսք հնչեցնելու հարթակ:
«Հայաստանում իշխանության եկած հակաժողովրդական ռեժիմը այսօր ձգտում է կեղծիքների և ճնշումների միջոցով հերթական անգամ բեմադրել «ընտրություններ» կոչվող կատակերգությունը, ապահովելով իր վերարտադրությունը, ինչի հետևանքով երկիրը կքվելու է ավելի մեծ արտաքին պարտքի տակ, կտրուկ մեծանալու է արտագաղթը, և Հայաստանին սպառնում է էկոգաղութացման բնապահպանական մեծ աղետ։
Քաղաքացիական հասարակության տարբեր շերտերի, նախաձեռնությունների, դիմադրական շարժումների և խմբերի բոլոր փորձերը որոշակի ձևով շտկելու ստեղծված իրավիճակը, ժողովրդին իրազեկելու գոյություն ունեցող վտանգների մասին, անցկացնելով հանրային քննարկումներ, հավաքներ, բախվում են իշխանությունների կողմից ստեղծված անվերջ խոչընդոտների, դահլիճներ չտրամադրելու միջոցով, ինչպես նաև իշխանության հետ սերտաճած օլիգարխներին պատկանող լրատվամիջոցների ու հեռուստատեսությունների միջոցով իրականացվում է տեղեկատվական շրջափակում: Նշված արգելքները ուղղված են հատկապես «Սարդարապատ» նախաձեռնության դեմ։
Առկա պայմաններում դիմում եմ Ձեզ խնդրանքով և առաջարկությամբ` իշխանությունների կողմից հատկացված Ձեր անվան տուն-թանգարանը փոխանցել Հայաստանի քաղաքացիական հասարակության կարիքների համար, ապահովելով այնտեղ խոսքի և հավաքների անցկացման սահմանադրական իրավունքները ու վերածելով այն իրական ազատ խոսք հնչելու տարածքի, ինչպես հարիր է Ձեր անվանն ու համաշխարհային համբավին»,- ասված է բաց նամակում:









