Ցեղասպանությունների օրինագծի չեղարկման դեպքում Սարկոզին նորը կներկայացնի. AFP
Եթե Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը չեղյալ հայտարարի ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը, նախագահ Նիկոլա Սարկոզին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին նոր օրինագիծ է ներկայացնելու: Այս մասին հաղորդում է ֆրանսիական «Ֆրանսպրես» (AFP) գործակալությունը՝ վկայակոչելով ֆրանսիացի երկու նախարարների խոսքերը:
«Նախագահը նախարարների կաբինետում մեզ ասել է, որ ինքն անմիջապես նոր օրինագիծ է ներկայացնելու, եթե Սահմանադրական խորհուրդը չեղյալ հայտարարի վերջերս Ֆրանսիայի խորհրդարանի կողմից ընդունված օրինագիծը»,- գործակալության հետ զրույցում ասել են նախարարները, որոնք ցանկացել են անանուն մնալ:
Ֆրանսիայի Սենատը հունվարի 23–ի լույս 24–ի գիշերը ձայների 127 կողմ և 86 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը (օրինագիծը վերաբերում է Ֆրանսիայի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտման քրեականացմանը։ Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունից բացի ճանաչել է նաև հրեաների ցեղասպանությունը՝ Հոլոքոստը, որի ժխտումն արդեն իսկ քրեականացված է Ֆրանսիայում):
Օրինագծին դեմ հանդես եկած խորհրդարանականները, դրա սահմանադրականությունը վիճարկելու նպատակով, հունվարի 31-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդ դիմում ներկայացրեցին:
Օրինագծի՝ Սահմանադրությանը համապատասխանելու մասին իր տեսակետը խորհուրդը պետք է հայտնի մեկ ամսվա ընթացքում։
Գործակալության հետ զրույցում մեկ այլ նախարար էլ ասել է, թե նախագահ Սարկոզին քննադատել է օրինագծի դեմ հանդես եկած խորհրդարանականներին՝ ասելով, որ նրանք «իրենց քթից այն կողմ ոչինչ չեն տեսնում»:
Սարկոզին հավելել է, որ ցեղասպանությունների ժխտում քրեականացնելու մասին օրինագծի չեղյալ հայտարարումը կասկածի տակ է դնելու նաև հրեաների ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրենքը:
Նշենք, որ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը կարող է ընդունել երեք հնարավոր որոշումներից մեկը.
1. Օրինագիծը համապատասխանում է Սահմանադրությանը. այս դեպքում Սարկոզիի կողմից ստորագրվելուց հետո այն օրենքի ուժ կստանա:
2. Օրինագիծը մասամբ է համապատասխանում Սահմանադրությանը: Այս դեպքում օրինագիծը կվերադարձվի Ազգային ժողով՝ այն «բարեփոխելու» և Սահմանադրությանը համապատասխանեցնելու համար:
3. Օրինագիծն ամբողջությամբ հակասահմանադրական է: Այս դեպքում օրինագիծն օրենքի ուժ չի ստանա, եթե, իհարկե, Ֆրանսիայի նախագահը չպնդի, որպեսզի հարցը դարձյալ Ազգային ժողով մտցվի (նոր օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չգա)։









