Ատլանտյան օվկիանոսում հայտնաբերվել է ԽՍՀՄ-ի պլատինով լի բրիտանական նավ

12:08 • 02.02.12

Sub Sea Research ընկերության ղեկավար, գանձեր որոնող Գրեգ Բրուքսն Ատլանտյան օվկիանոսի հատակին հայտնաբերել է պլատինով լի խորտակված նավ, որի արժեքը կազմում է մոտ 3 մլրդ դոլար, գրում է BBC News-ը:

Բրուքսի խոսքով՝ նա 1942թ. գերմանական սուզանավի կողմից տորպեդահարված բրիտանական առևտրական SS Port Nicholson նավը գտել է Ատլանտյան օվկիանոսի հատակին՝ ԱՄՆ-ի ափերից 80 կմ հեռավորության վրա:

Բրուքսը հավաստում է նաև, որ նավում առկա պլատինի մասին տեղեկացել է ԱՄՆ Ֆինանսների նախարարության գրանցումներից: Պլատինի ձուլակտորները ԽՍՀՄ-ը փոխանցել էր ԱՄՆ-ին՝ որպես փոխհատուցում ռազմական առաքումների:

Նավն ամերիկացին հայտնաբերել է 4 տարի առաջ, սակայն գաղտնի է պահել այնքան ժամանակ քանի դեռ դրա դուրս բերման փաստաթղթերը չէր ձևակերպել: Գանձերի դուրսբերման աշխատանքները կսկսվեն մինչև փետրվարի վերջ:

Հարց է , սակայն, թե ում պետք է փոխանցվեն գանձերը: Դեռ ավելի, մասնագետներից շատերն անգամ կասկածում են նավում պլատինի զառկայությանը: Մասնավորապես, Մեծ Բրիտանիայի իշխանության ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց տվյալներով այդ նավը փոխադրել է ռազմական տեխնիկա: