Ցուրտը շարունակում է սպանել եվրոպացիներին. 89 զոհ

10:36 • 02.02.12

Ռեկորդային ցուրտ եղանակը կաթվածահար է արել արևելաեվրոպական մի քանի երկիր: Առնվազն 89 մարդ արդեն մահացել է, հազարավորները բուժօգնության կարիք ունեն՝ տեղեկացնում է Reuters-ը:

Ըստ լրատվամիջոցի՝ եվրոպացիները մտահոգված են ռուսական գազի առաքման ծավալների կրճատմամբ:

Եվրոպական գազի մեկ քառորդը ապահովում է Ռուսաստանը, ինչպես հաղորդել են վերջինիս իշխանությունները, գազի մատակարարման ծավալները մոտ 8%-ով կրճատվել են: Սառնամանիքի պատճառով, «Գազպրոմ»ը նաև դադարեցրել է պայմանագրով նախատեսված մնացած այլ աշխատանքները:

Միայն Ուկրաինայում վերջին հինգ օրերի ընթացքում 43 մարդ է մահացել: Որոշ հատվածներում ջերմաստիճանը նվազել է մինչև -33C-ի:

«Ծայրաստիճան վտանգավոր»՝ այսպես են բնորոշել մի շարք լրատվամիջոցներ եղանակի տեսության մեկնաբանությունների ժամանակ:

Ծանր է վիճակը նաև Լեհաստանում, Բուլղարիայում և բալկանյան երկրներում: Սերբիայում ձների մեջ թաղված մի ընտանիք են գտել, իսկ Լեհաստանում և Բուլղարիայում մի քանի օր շարունակ ջերմաստիճանը -30C-ից չի բարձրանում:

Մոսկվայում ջերմաչափը -22C է ցույց տալիս, ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինն այդ առթիվ իր մտահոգությունն է հայտնել, նշելով, որ ցրտերը կարող են խանգարել առաջիկայում սպասվող իր նախընտրական հանդիպումներին:

Սլովենիայում և Ալբանիայում նույնպես վիճակը բարենպաստ չէ, մասնավորապես, քամու ուժգնությունը վայրկյանում հասնում է մինչև 180 մետրի:

Ենթադրվում է, որ առաջիկայում Եվրոպայի արևելյան շրջաններում սառնամանիքը կպահպանվի: