70-80 հարկանի երկնաքերեր, արագընթաց գնացքներ, լավագույն մայրուղիներ. Վրաստանի ապագան ըստ Սաակաշվիլիի

14:37 • 02.02.12

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է` «Վրաստանը եվրոպական երկիր է, բայց վիզուալ այն նմանվում է Սինգապուրին»:

Այս մասին նախագահը հայտարարել է « Հասարակական հարաբերություններում կոռուպցիայի դեմ պայքար- Վրաստանի բարեփոխումների ժամանակագրություն» գրքի ներկայացման ժամանակ, որի հեղինակն է Արևելյան Կովկասի Համաշխարհային բանկի մասնաճյուղի տնօրեն Ասադ Ալամին, գրում է «Грузия Online»-ը:

Նախագահին հարցրել են, թե ինչպիսին է նա տեսնում Վրաստանը 5-8 տարի հետո:

«Ես Վրաստանը տեսնում եմ զարգացած ենթակառուցվածքներով. արագընթաց գնացքներ, լավագույն մայրուղիներ, զարգացած հանգստավայրեր, կրթված նոր սերունդ, 70-80 հարկանի երկնաքերեր… Վրաստանը կլինի ժամանակակից, բայց տարբեր կլինի Արևելյան և Կենտրոնական Եվրոպայից: Ապրելու համար այն դինամիկ և հարմարավետ երկիր կլինի», - ասել է նախագահը: