Հրազդանի կրակոցները Սասուն Միքայելյանի քարոզարշավի հետ չեն առնչվում. լիազորված անձ
Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի լիազորված անձ Հակոբ Ավագումյանի խոսքով իրենց թեկնածուի քարոզարշավի հետ որևէ առնչություն չունի հունվարի 21-ին ժամը, 20-ի սահմաններում Հրազդան քաղաքում 43-ամյա Մանվել Մկրտչյանի կողմից գազային ատրճանակով կրակոցների միջադեպը:
«Մենք այս միջադեպից տեղյակ չենք, ոչ՝ այդ միջադեպը, ոչ՝ դրանում ներգրավված անձինքն, մեր քարոզարշավի և մեր շտաբի հետ որևէ առնչություն չունեն:»,- Tert.am-ին ասաց Հակոբ Ավագումյանը՝ ի պատասխան մեր այն հարցի, թե կայքերից մեկը հղում անելով բնակիչներին՝ տեղեկացրել է, որ ձերբակալված Մկրտչյանը ունի խանութ և խանութի մի հատվածում այս պահին գործում է Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբը:
Հիշեցնենք, որ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հատկանիշներով. Մանվել Մկրտչյանը մեղադրվում է իր մոտ եղած գազային ատրճանակով Հրազդան քաղաքի բնակիչ, 37-ամյա Արմեն Մելոյանի հետ վիճաբանության ժամանակ գազային ատրճանակից կրակոց արձակելու մեջ:
Ընդդիմադիր թեկնածուի վստահված անձը տեղեկացրեց նաև, որ խախտումների վերացման պահանջով մշտապես տեղեկացնում են ընտրատարարածքային հանձնոժողովին: Օրինակ՝ Սասուն Միքայելյանի շտաբի անդամները օրերս հայտնաբերել էին, որ ընտրատեղամասերից մեկում ընտրական շտաբ է գործում:









