Ֆրանսահայերը Սարկոզիի հետ այսօր կքննարկեն օրինագծի ստորագրման հետաձգումը

12:41 • 02.02.12

Այնուամենայնիվ, Թուրքիան ներգործություն ունեցավ Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հաստատման այս փուլի վրա: Այսօր հրավիրված ասուլիսին ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Սակայն նա ավելացրեց, որ սխալ է նաև այն տեսակետը, որ եթե նախագահ Սարկոզին չհապաղեր և ստորագրեր, ապա նման զարգացումներ չէին լինի, քանի որ բանախոսի համոզմամբ, ամեն դեպքում այն պետք է վիճարկեր նաև Սահմանդրական խորհուդը:

Ըստ Կիրո Մանոյանի՝ բոլոր դեպքերում Սահմանադրական խորհրդի որոշումների տարբերակները երեքն են՝ օրինագիծը համապատասխանում է Սահմանդրությանը, մասամբ է համապատասխանում կամ չի համապատասպանում: Կիրո Մանոյանը վատատեսորեն չի տրամադրված, սակայն նշեց, որ տարբերակներից երկուսի՝ մեզ համար ընդունելի չլինելու պատճառով, Ֆրանսիայի հայ համայնքը պետք է շարունակի իր աշխատանքը, չնայած որ այս դեպքում նրա խոսքերով՝ նրանց լոբբիստական հնարավորություններն ավելի փոքր են: Մանոյանը դա բացատրում է արդեն ավելի քաղաքական հարթության վրա գտնվելով:

Կիրո Մանոյանը նշեց, որ կարևորը ճիշտ քայլեր արվի: «Այսօր Ֆրանսիայի հայ համայնքը կհանդիպի նախագահ Սարկոզիի հետ և կքննարկի հնարավոր անելիքները»,- ասաց նա:

Այն վերլուծությունները, որոնցում նշվում է, թե այս ամբողջը քաղաքական խաղ էր՝ սարքած Սարկոզի կողմից, Մանոյանը մասամբ սխալ է համարում, քանի որ ըստ նրա՝ մեծ հարցեր են դրվում սեղանին, ինչը դժվար է խաղ անվանել, չնայած որ ըստ Մանոյանի՝ համայնքը հույս ուներ, որ օրենքի նախագիծը կստորագրվեր ընտրություններից առաջ: