Զինվորին կօգնեն մասնագիտության և աշխատանքի հարցում

11:39 • 02.02.12

Պաշտպանության նախարարությունը Գիտության և կրթության նախարարության հետ համատեղ ծրագիր են կազմել, որով աշխատանքներ են տարվելու բանակում ծառայող զինվորների մասնագիտության ընտրության և աշխատանքի հարցում, այս մասին այսօր կառավարության նիստին ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Մեր հասարակությունը հաճախ է բարձրացնում այն հարցը, թե ինչպես է դասավորվելու զորացրված զինվորի կյանքը: Առաջիկայում նախատեսվում է աշխատանք յուրաքանչյուր զինվորի հետ՝ պարզելու նրա նախասիրությունները, հետաքրքրությունները»,- ասաց վարչապետը:

«Մենք օգնելու ենք զինվորին մասնագիտական կողմնորոշման հարցում, օժանդակելու ենք, որպեսզի ուսումը շարունակի զորացրվելուց հետո»,- ավելացրեց նա:

Տիգրան Սարգսյանը վստահեցրեց, որ այս ծրագրի շրջանակներում զինվորներին օգնելու են նաև աշխատանքի հարցում. «Ծնողները իրենց տղաներին բանակ ուղարկելիս լինելու են հանգիստ»: