Երևանում դպրոցի տնօրենը պետբյուջեից շուրջ 5 մլն դրամ է յուրացրել
Երևանի Մ. Ճամպազյանի անվան թիվ 79 միջնակարգ դպրոցի տնօրենը, զարտուղի ճանապարհներով պետբյուջեից ստացել է շուրջ 5 մլն դրամի (4.683.000) ավել ֆինանսավորում, այս մասին տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքից:
Նախաքննությամբ պարզվել է, որ Մ. Ճամպազյանի անվան թիվ 79 միջնակարգ դպրոցի տնօրեն Ա. Սարգսյանը 2008-2009 և 2009-2010թթ. ուսումնական տարվա ֆինանսական հաշվետվություններում կեղծ տեղեկություններ ներառելով, կեղծել է 2008-2009թթ. ուսումնական տարվա 9-րդ և 10-րդ դասարանների փաստացի կոմպլեկտավորման ցուցանիշները:
Փաստացի առկա աշակերտների թվի համեմատ հավելագրվել է 52 աշակերտ և սրա համար տնօրենը պետական բյուջեից ստացել է դպրոցում սովորող աշակերտների թվի համեմատ ավել ֆինանսավորում` 4.683.000 դրամի չափով:
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Սարգսյանը դպրոցի 9 րդ դասարանն ավարտող աշակերտների փաստացի թվից ավել հիմնական կրթության վկայականները, ինչպես նաև դպրոցում ընդհանրապես ուսում չստացած քաղաքացիներին հանձնելու նպատակով պաշտոնական փաստաթղթում ակնհայտ կեղծ տվյալներ գրանցելով, դրանք ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի համապատասխան հանձնաժողովի անդամներին:
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Ա. Սարգսյանը, խախտելով դպրոցի կանոնադրությունը իր իսկ հրամաններով 2008թ. հունվարից մինչև 2009թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում հաստատված աշխատավարձի դրույքաչափից յուրաքանչյուր ամիս իրեն ավել է վճարել: Ընդհանուր առմամբ աշխատավարձի հավելագրումները կազմում են մոտ 2,5 մլն դրամ:
Պարզվել է նաև, որ տնօրենն Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի կողմից դպրոցին նվիրաբերված գումարներով, որոնք պետք է ուղղվեին դպրոցի համակարգչային կահավորմանը, ձեռք է բերել 1.153.800 դրամի շինանյութ և այն պահեստ ուղարկելու փոխարեն օգտագործել իր` նոր գնված բնակարանի վերանորոգման համար:
«Այսպիսով` Ա. Սարգսյանը 2008-2009թթ. պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրացման եղանակով հափշտակել է ընդհանուր առանձնապես խոշոր չափի` 3.054.160 ՀՀ դրամ գումար»- ասվում է դատախազի կողմից հաստատված մեղադրականում:
Ա. Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, որոնք վերաբերում են պետական միջոցները յուրացնելուն և վատնելուն:
Քրեական գործն օրերս ուղարկվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան: Առաջին դատական նիստը նշանակված է 2012թ. փետրվարի 17-ին:
Քանի որ քրեական գործի քննության ընթացքում ի հայտ են եկել մի շարք թերություններ և ակնհայտ կեղծ փաստաթղթեր օգտագործելու դեպքեր Երևանի և Աբովյանի մի քանի այլ դպրոցներում ևս, ապա դրանց ուղղությամբ ոստիկանությունում նախաքննությունը շարունակվում է:









