Դատարանը պետք է որոշի այդ կնոջ նկատմամբ կիրառե՞լ բժշկական հարկադիր բուժում, թե՝ ոչ. Սոնա Տռուզյան

12:14 • 02.02.12

Այսօր Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում սկսվելու է իր երկու երեխաներին խեղդամահ արած Ռոզա Ալոյանի դատավարությունը: Նա, հիշեցնենք, «Նուբարաշեն»-ի հոգեբուժական բաժանմունքի կողմից ճանաչվել է անմեղսունակ:

«Առնվազն տարիօրինակ է, որ փաստաբանը մեղադրական եզրակացությունը շփոթում է բժշկական բնույթի հարկադիր բուժում կիրառելու մասին որոշման հետ: Տվյալ պարագայում խոսքը չի եղել մեղադրական եզրակացության մասին, այլ՝ հարկադիր բուժում կիրառելու մասին դատախազության որոշման: Եվ դատարանը պետք է որոշի այդ կնոջ նկատմամբ կիրառե՞լ բժշկական հարկադիր բուժում, թե՝ ոչ»,-Tert.am –ին ասաց ՀՀ գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը՝ ի պատասխան այդ կնոջ փաստաբանի մեղադրանքների, թե դատախազությունը մեղադրական եզրակացությունն ուղարկել է դատարան՝ հաստատելով մեղադրանքը, այն դեպքում, երբ մարդու անմեղսունակության մասին եզրակացության դեպքում, մեղադրանքը չի հաստատվում:

Իսկ այն մեկնաբանություններ, թե Ռոզա Ալոյանին սպառնում է ցմահ ազատազրկում, ըստ դատախազության մամուլի խոսնակի սխալ են, քանի որ, խոսքը հասարակության նկատմամբ վտանգավոր անձին նկատմամբ հարկադիր բուժման մասին է: