Դավիթաշենում շեքսպիրյան կրքեր թերևս չեն լինի
Եթե «Բարգավաճ Հայաստան» կուսակցութան քաղխորհուրդը որոշի, որ Ռուբեն Գևորգյանը պետք է առաջադրվի թիվ 5 մեծամասնական ընտրատարածքում, ապա կառաջադրվի, չի՛ որոշի՝ չի առաջադրվի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գևորգյանը:
Հիշեցնենք, որ այսօրվա մամուլում չէր բացառվում այն հնարավորությունը, որ նշյալ ընտրատատարածքում առաջիկայում միմյանց դեմ պայքարեն հորեղբայր և եղբոր որդի՝ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գևորգյանը («Ծաղիկ Ռուբո» ) և նրա ՀՀԿ-ական եղբոր որդի Արթուր Գևորգյանը, ով Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարն է:
Tert.am-ի այն հարցին, թե անհարմար վիճակ չի՞ ստեղծվի, Ռուբեն Գևորգյանը հայտնեց, որ իր եղբոր որդին չի առաջադրվելու, քանի որ ՀՀԿ-ն Դավիթաշենի ընտրատարածքում թեկնածու ունի և չի կարծում, որ ՀՀԿ-ն կունենա նաև երկրորդը:
Հիշեցնենք, որ մամուլով նույն հարցին նույնկերպ պատասխանելով (որ իր առաջադրումը պայմանավորված է կուսակցության որոշումով) Արթուր Գևորգյանը պատասխանել էր. «Իսկ Դուք մտածում եք, որ իմ հորեղբայրը կցանկանա՞ իմ հետ պայքարել: Ամեն դեպքում մի´ մոռացեք, որ մենք հորեղբայր և եղբոր որդի ենք, և դա մեր անձնականն է, և քաղաքականությունը պատճառ չէ, որ մենք ամբողջ հանրությանն ի ցույց դնենք մեր հարաբերությունները»:
Նշենք, որ օրերս պաշտոնապես հայտարարվել է, որ ԲՀԿ-ի նախընտրական շտաբը ղեկավարելու է Քաղաքաշինության ԲՀԿ-ական նախարար Վարդան Վարդանյանը, իսկ քարոզչության պատասխանատուն, հիշեցնենք, Նաիրա Զոհրաբյանն է:









