Հայ դատի հանձնախումբը ողջունել է Սումգայիթի ջարդերին առնչվող բանաձևը

12:55 • 02.02.12

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան շրջանի գրասենյակը ողջունել է Կալիֆոռնիայի նահանգային խորհրդարան (ԱՄՆ)  ներկայացված թիվ 96 բանաձևը, որն առնչվում է Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում հայերի դեմ իրականացված ջարդերին (1988 թ. փետրվարի 27-29-ին ադրբեջանցիների կողմից):

Ինչպես գրում է ԱՄՆ-ում հրատարակվող Asbarez պարբերականը, Կալիֆոռնիայի խորհրդարանի պատգամավոր Ֆիլիպ Ֆուենթեսի կողմից ներկայացված բանաձևը նվիրված է Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում զոհված հայերի հիշատակին: Բանաձևն օրենսդիրներին կոչ է անում հարգել զոհերի հիշատակը, հիշել Ադրբեջանում հայերի նկատմամբ իրականացված սպանդը, ջարդերից տուժածներին, որոնցից շատերը փախստականի կարգավիճակով հայտնվել են ԱՄՆ-ում:

Պարբերականն ընդգծում է, որ աշխատանքներ են տարվում, որպեսզի բանաձևը  վավերացվի մինչև փետրվարի 27-ը` Սումգայիթի ջարդերի տարելիցի  օրը: