Դիվանագետները «ոգեշնչված» են Սիրիայի հարցում կառուցողական դիրքորոշմամբ

13:34 • 02.02.12

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների` Սիրիայում ճգնաժամի կարգավորման շուրջ բանակցություններում առաջընթաց է արձանագրվել:

Ինչպես հաղորդում է BBC-n, դիվանագետները հայտարարել են, որ քննարկումների ժամանակ «ոգեշնչվել են նոր կառուցողական դիրքորոշմամբ»:

Նիստում քննարկվում էր սիրիական խնդրի շուրջ արաբա-եվրոպական բանաձևի նախագիծը, որը մշակել են Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Պորտուգալիան, ԱՄՆ-ն, Կատարը և Մարոկոն: Այն հաստատում է Արաբական երկրների լիգայի` (ԱԵԼ) խնդրի խաղաղ կարգավորման ծրագիրը: Բանաձևը ներառում է նախագահ Բաշար ալ Ասադի կողմից իշխանությունը փոխնախագահին փոխանցելու և Դամասկոսի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ կետեր:

Նիստին մասնակցել են արևմտյան բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարներ Ալեն Ժյուպեն ու Ուիլյամ Հեյգը:

Բանաձևի ընդդիմախոս Ռուսաստանի ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը երեք ժամ տևած բանակցություններից հետո հայտարարել է, որ կողմերին հաջողվել է բանաձևում որոշ կետերի ձևակերպումների շուրջ առաջընթաց գրանցել:

2011թ. մարտից Սիրիայում բախումներ են ընթանում նախագահ Ասադի ռեժիմի կողմնակիցների ու հակառակորդների միջև: ՄԱԿ-ի տվյալներով` այս ժամանակահատվածում զոհվել է մոտ 6. 000 մարդ: