«Մարսի» և «Մերգելյանի» ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին որոշումն ընդունված է
«Մարս» ձեռնարկության և մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական Մերգելյան ինստիտուտի տարածքներում ձևավորվելու է ազատ տնտեսական գոտի, այս մասին կառավարություն որոշում կայացրեց այսօրվա նիստում:
«Սա լինելու է միասնական տնտեսական մի համակարգ, որտեղ հիմնականում արտադրական գործունեությունն իրականացվելու է «Մարսի» ձեռնարկության տարածքում, իսկ գիտահետազոտական և կազմակերպչական ու կառավարման գործընթացները` Մերգելյան ինստիտուտում տեղակայված տարածքներում», -ասաց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:
Ծրագրի առաջին փուլի շրջանակներում նախատեսվում է, որ մոտ 10 մլն դոլարի ներդրում կկատարի «Սիտրոնիկս» ընկերությունը, որը կառավարության այսօրվա նիստում ճանաչվեց որպես այս ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ ընկերություն:
«Այդ ֆինանսական ռեսուրսների շրջանակներում պետք է իրականացվեն այս տարածքների համապատասխանեցումը այն պահանջներին որոնք նախատեսված են ՀՀ կառավարության կողմից»,- ասաց նախարարը:
Ծրագրի առաջին փուլը պետք է իրականացվի այսօրվա որոշումից և հապատասխան պայմանագիր կնքելուց հետո շուրջ վեց ամսվա ընթացքում: Այսինքն, մոտ վեց ամսից հետո ազատ տնտեսական գոտին պետք է պատրաստ լինի շահագործման համար:
«Մենք ակնկալում ենք ներդրող ընկերությունների մասնակցությունն այդ տարածքներում: «Սիտրոնիկս» ընկերությունը բանակցություններ է վարում տարբեր ընկերությունների հետ և արդեն 6-7 ընկերություններ կան որոնք հետաքրքրված են: Բանակցություներ է վարում նաև Կառավորությունը և ՀՀ էկոնոմիակայի նախարարությունը: Մենք պոտենցիալ ներդրողներին լուրջ նախադրյալներ ենք ներկայացնում և հիմա (նրանք) ավելի կակտիվանան, քանի որ որոշումն արդեն ընդունված է»,- ասաց Տիգրան Դավթյանը:
Տիգրան Դավթյանը հավաստիացրեց, որ ՀՀ –ում տեղակայված և գործող ընկերությունների տեղաշարժ չի լինի, սակայն ակնկալվում է, որ այս գոտիներում կլինեն նոր ընկերություններ, նոր տեխնոլոգիաներ, ժամանակակից արտադրություններ, այսինքն նոր կապիտալ` առանց տեղաշարժի:









