«Ժառանգությունը» մտնում է լուրջ ինքնաքննական շրջան. Րաֆֆի Հովհաննիսյան

13:14 • 03.02.12

«Ժառանգություն» կուսակցության մարտի 2-ին կայանալիք համագումարի ընթացքում կորոշվեն ընտրական գործընթացներին կուսակցության մասնակցության հարցը և մասնակցության դեպքում դրանց ձևերն ու չափը, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Մինչ այդ «Ժառանգությունը» մտնում է լուրջ ինքնաքննական շրջան, որտեղ ինքը պետք է որոշի, թե ինչքանով է անհրաժեշտ մեր մասնակցությունը ընտրություններին և թե որն է հասարակության պահանջը: «Ժառանգությունը», եթե ցանկանա առանձին ցուցակով կհայտնվի խորհրդարանում: Բայց մինչ այդ բազում խնդիրներ պետք է քննարկել»,- ասաց նա
Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ կուսակցությունն իր գաղափարների հիմքում դնում է քաղաքացու իրավունքները ազգային շահը, պետության ինքնիշխանությունը:

«Բայց հաղթանակի գրավականը գտնվում է «ժառանգություն» կուսակցությունից բարձր և հույս ունեմ, որ ազգային շահերը իրար կմիացնի կուսակցություններին և քաղաքացիներին»,-ավելացրեց նա:

Թե ովքեր կընդգրկվեն կուսակցության համամասնական ցուցակում Րաֆֆի Հովհաննիսյանը դեռ չգիտի, սակայն նրա ցանկությունն է, որ ընդգրկվեն նոր` երիտասարդ դեմքեր:

«Ցուցակների մասին քննարկում տեղի չի ունեցել` ոչ ներսում, ոչ դրսում: Բայց մեզ մոտ ամեն ինչ սկզբունքային է: Կուսակցության ներսում շնորհալի երիտասարդներ շատ կան, որոնք հնարավորություն պետք է ստանան: Դրսում ունենք մշակույթի, մտավորականության ոլորտից ներկայացուցիչներ: Ես ինքս հավակնություն չունեմ որևէ համարի տակ լինել: Իսկ մեծամասնական համակարգին մասնակցությունը ևս չենք քննարկել»,- նշեց նա:

Իր խոսքի վերջում Րաֆֆի Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ այս անգամ ՀՀ-ում կձևավորվի ոչ դեֆակտո, այլ դեյուրե խորհրդարան: