Նոր բաժնետեր Հայաստանի ինտերնետ շուկայում. «Ռոստելեկոմը» $22,5 մլն ձեռք է բերել «ՋիԷնՍի-Ալֆայի» 75% բաժնետոմսերը
Հայաստանի ինտերնետ շուկայում նոր բաժնետեր է հայտնվել. Ռուսաստանի հեռահաղորդակցության ոլորտի առաջատար ընկերություններից մեկը՝ «Ռոստելեկոմը», 22,5 մլն դոլարով ձեռք է բերել GNC-Alfa հայաստանյան մագիստրալային ինտերնետ օպերատորի «75%՝ հանած մեկ բաժնետոմս» բաժնեմասը:
Ինչպես հաղորդում է ռուսական Gazeta.ru կայքը, ռուսական ընկերության նախագահ Ալեքսանդր Պրովոտորովն ասել է, թե «GNC-Alfa-ի նկատմամբ վերահսկողության ձեռքբերումը «Ռոստելեկոմին» թույլ կտա զարգացած ենթակառուցվածք ձեռք բերել աճի զգալի ներուժ ունեցող Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում` ծառայություններ մատուցելու համար»:
GNC-Alfa ընկերությունը ժամանակակից օպտիկամանրաթելային մագիստրալի միջոցով (ավելի քան 1500 կմ երկարություն) ծածկում է Հայաստանի տարածքի 70 տոկոսը և ունի ելք դեպի Իրան և Վրաստան ու ապահովված է երեք միջազգային կապուղիներով. մեկը` հարավում (հարավային հատվածը` Երևանի և Հայաստան-Իրան սահմանի միջև, շահագործման է հանձնվել 2009թ), երկուսը` հյուսիսում (ցանցի հյուսիսային հատվածները` Երևանի և Հայաստան-Վրաստան սահմանի միջև, գործում են 2010թ. մարտից):
2011թ. GNC-Alfa-ի հասույթը 12 մլն դոլարի է հասել, իսկ մաքուր պարտքը, գործարքի պահին, 1 մլն դոլարից պակաս:
Այն, որ «Ռոստելեկոմը» պատրաստվում է ձեռք բերել GNC-Alfa-ի բաժնետոմսերի փաթեթը, հայտնի դարձավ 2012թ. հունվարի 13-ին: Ռուսական լրատվամիջոցները գրել էին, թե ռուսական ընկերությունը ցանկանում է գնել Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի մեկ այլ պրոդուկտ` անկախ ինտերնետ մատակարար Ucom ընկերությունը, իսկ դա նշանակում է, որ Հայաստանի լայնաշերտ ինտերնետ հասանելիության շուկայում ապագայում «Ռոստոլեկոմի» մասնաբաժինը կարող է մոտ 13 տոկոս կազմել:









