Ամերիկացի հայամետ կոնգրեսականները Սաակաշվիլիին խնդրել են ավելի շատ ուշադրություն դարձնել Ջավախքին
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, ԱՄՆ կատարած այցի շրջանակում (հունվարի 26-30), հինգշաբթի հանդիպել է ամերիկացի հայամետ կոնգրեսականներ Ադամ Շիֆին և Հովարդ Բերմանին: Ինչպես գրում է ԱՄՆ-ում հրատարակվող Asbarez պարբերականը, կոնգրեսականները հանդիպման ընթացքում Սաակաշվիլիի հետ քննարկել են վրաց-ամերիկյան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, ինչպես նաև Սաակաշվիլիին խնդրել են ավելի մեծ ուշադրություն դարձնել հայաբնակ Սամցխե –Ջավախեթի շրջանին:
Պարբերականն ընդգծում է, որ հանդիպմանը Սաակաշվիլին ասել է, որ ինքն ամբողջությամբ սատարելու է Ջավախքին ամերիկյան լրացուցիչ օգնության հատկացմանն ուղղված ջանքերը և ցանկություն ու պատրաստակամություն է հայտնել Ջավախքին ավելի շատ օգնություն տրամադրելու հարցում համագործակցել Շիֆի և Բերմանի հետ:
«Ես շատ գոհ եմ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ ունեցած քննարկումներից,- ասել է Շիֆը և հավելել,- Նա վճռականորեն իր աջակցությունը հայտնեց, երբ մենք խնդրեցինք ավելի շատ ջանքեր գործադրել վիրահայերին օգնելու հարցում»:
Բերմանն էլ հավելել է, թե շարունակելու է պայքարը Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հավասար իրավունքների համար:









