Իրանին «վիրավորել» է Samsung-ի գովազդը (տեսանյութ)

15:30 • 03.02.12

Իրանական իշխանությունները վիրավորական են համարել հարավկորեական Samsung ընկերության պլանշետների նոր գովազդը, որը պատրաստել է իսրայելական Hot մալուխային օպերատորը, և սպառնացել մասնակիորեն արգելել ընկերության արտադրանքի վաճառքը:

Ինչպես հաղորդում է իրանական Press TV հեռուստաընկերությունը, հոլովակում հայտնի Asfur հեռուստաշոուի չորս դերասաններ կանացի զգեստներով այցելում են Իրանի սրճարաններից մեկը, որտեղ հանդիպում են Իսրայելի հետախուզության` «Մոսադ»-ի գործակալին, որը զվարճանում է պլանշետով սերիալ դիտելով: Նա, տեսնելով դերասաններին, ցուցադրում է պլանշետը վերջիններիս, և այդ պահին նրանցից մեկը բացում է հավելվածներից մեկը և պայթեցնում նրանց ետևում գտնվող միջուկային կայանը:

Գովազդի վերջում կադրից դուրս ձայնն ասում է.«Ինչպե՞ս: Եվս մեկ գաղտնի պայթյուն Իրանո՞ւմ»:

Իրանական խորհրդարանի էներգետիկայի հանձնաժողովի նախագահ Արսալան Ֆաթհիպուրը հայտարարել է, որ հոլովակում Իրանը ներկայացվում է որպես պրիմիտիվ հասարակություն, իսկ Իսրայելը` «հզոր տերություն, որն ունակ է հեշտությամբ ոչնչացնել Իրանի միջուկային կայանները կամ սպանել երկրի միջուկային մասնագետներին»:

Չինովնիկի խոսքով` Samsung ընկերությունը, հավանաբար, որոշել է մոռանալ Իրանում իր վաճառքների մասին և թողարկել այս հոլովակը` հօգուտ Իսրայելի: Նա նշել է, որ միայն ներողություն խնդրելը բավական չէ, «ընկերությունը պետք է պատասխան տա»:

Իսրայելական Haaretz թերթի համաձայն` Samsung ընկերությունից հայտնել են, որ ոչ մի կապ չունեն այս հոլովակի նկարահանման հետ, և ողջ մեղքը բարդել են իսրայելական Hot-ի և Samsung-ի իսրայելական ներկայացուցչության վրա: 
 

Իրանին «վիրավորել» է Samsung-ի գովազդը (տեսանյութ)