Կոալիցիոն 3 ուժերը համախմբված են նախագահ Սերժ Սարգսյանի շուրջը. Էդուարդ Շարմազանով
Քաղաքական զարգացումների ներկա փուլում կոալիցիոն նոր հուշագրի կամ հայտարարության ստորագրումը չի բացառվում։ Այս մասին լուրեր են հայտնվել նաև վերջին օրերի մամուլի հրապարակումներում։
Tert.am–ի հարցին, թե արդյո՞ք Ձեզ որևէ բան հայտնի է կոալիցիոն նոր հուշագրի կամ հայտարարության ստորագրման մասին, ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը պատասխանեց, թե իրեն կոալիցիոն նոր հուշագիր ստորագրելու մասին որևէ բան հայտնի չէ։ Մեր դիտարկմանը, թե ՀՀԿ–ական պատգամավոր Հովհաննես Սահակյանն օրինակ հայտարարել է, որ կոալիցիոն նոր համաձայնագրի ստորագրումը հնարավոր է, Բիշարյանն արձագանքեց. «Ես էլ եմ հնարավոր համարում, բայց որևէ տեղեկություն չունեմ այդ մասին»։
Նշենք, որ «Իրատես դե ֆակտո» թերթն իր այսօրվա համարում գրել էր, թե կոալիցիան առաջիկայում ընդունելու է նոր հայտարարություն, որի տեքստն էլ արդեն պատրաստ է։ Ըստ թերթի տեղեկությունների՝ այնտեղ ֆիքսվելու է, որ, հավատարիմ նախորդ փետրվարին կնքված հուշագրի, գնում են ընտրությունների` հանդուրժողականության, փոխադարձ հարգանքի շրջանակներում` ընդհանուր թեկնածուներին պաշտպանելու «ազնիվ մղումով»։
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը մեզ հետ զրույցում նշեց, թե այս պահին գործում է նախորդ տարի ստորագրված հուշագիրը, իսկ ինչ վերաբերում է նոր հայտարարություն ընդունելուն, ասաց. «Քաղաքականության մեջ ոչինչ չի կարելի բացառել։ Եթե անհրաժեշտություն լինի, նոր հայտարարության ընդունումը հավանական եմ համարում»։ Միաժամանակ նա ավելացրեց. «Այս պահին միայն կարող եմ ասել, որ կոալիցիոն 3 ուժերը համախմբված են նախագահ Սերժ Սարգսյանի շուրջը»։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Tert.am–ի հարցին ի պատասխան հայտարարեց. «Ինձ քննարկումներ հայտնի չեն կոալիցիոն նոր հուշագրի կամ համատեղ հայտարարության ընդունման մասին»։
Նշենք նաև, որ այս օրերին մամուլում հրապարակված որոշ լուրերում հավանական է համարվում նոր հուշագրի ստորագրումը փետրվարի 17–ին։ Ինչպես հայտնի է, իշխող կոալիցիայի գործող հուշագիրը ստորագրվել էր անցած տարվա փետրվարի 17–ին։









