ՄԱԿ-ի`Սիրիայի խնդրով բանաձևը մեղմվել է
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը համաձայնեցրել է Սիրիայի խնդրով բանաձևը, որն ուղղված է երկրում արյունահեղության դադարեցմանը, սակայն այն, մինչ քվեարկությունը, կուղարկվի ԱԽ անդամ 15 երկրների հաստատմանը:
«Մենք դեռ աշխատում ենք, հուսով ենք, որ վերջնական տարբերակով այն կհրապարակվի այսօր երեկոյան կամ վաղն առավոտյան»,- փակ դռների ետևում 4-ժամյա բանակցությունների ավարտին ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Սյուզան Ռայսը: Նրա խոսքով` ամեն ինչ կախված է ԱԽ անդամ երկրների հաստատումից:
Սիրիայում արդեն տասն ամիս բախումներ են ընթանում անվտանգության ուժերի ու նախագահ Բաշար ալ Ասադի ընդդիմադիրների միջև: ՄԱԿ-ի տվյալներով` այս ընթացքում զոհվել է մոտ 6.000 մարդ:
Նիստում այժմ քննարկվում է սիրիական խնդրի շուրջ արաբա-եվրոպական բանաձևի նախագիծը, որը մշակել են Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Պորտուգալիան, ԱՄՆ-ն, Կատարը և Մարոկոն:
Համաձայնեցումից հետո, փաստաթուղթը նախագահ Բաշար ալ Ասադին իշխանությունը փոխնախագահին փոխանցելու անմիջական կոչ չի պարունակում: Սակայն բանաձևում ընդգծվում է, որ ԱԽ-ը լիովին աջակցում է Արաբական երկրների լիգայի` Սիրիայում քաղաքական բարեփոխումներ անելու ծրագրին:
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը նշել է, որ այսպես կոչված` Մարոկոյի բանաձևի որոշ կետեր համընկնում են ռուսական տարբերակի հետ (սիրիական իշխանությունների նկատմամբ պատժամիջոցներին դեմ Ռուսաստանը 2011 թ. ներկայացրել էր իր մշակած բանաձևի նախագիծը, սակայն ՄԱԿ-ի ԱԽ գործընկերներն այն շատ մեղմ են համարել):









