Հայկ Գևորգյանի ձերբակալությունն` ըստ ոստիկանության և Նիկոլ Փաշինյանի (տեսանյութ)

22:23 • 03.02.12

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմագիր Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով մանրամասներ նույն թերթի լրագրող Հայկ Գևորգյանի ձերբակալության վերաբերյալ, հայտարարել է, որ բացի «Մե պուճուր նվեր» վերնագրով հոդվածից կան ևս երկու հոդված («Եվ Աստված ասաց, Վովա», և «Յաշիկս վկա»), որոնք, ըստ նրա, զայրացրել են ոստիկանապետին, ինչ էլ հանգեցրել է լրագրողի ձերբակալությունը: 

Հիշեցնենք, որ ոստիկանությունը Հայկ Գևորգյանին մեղադրում է Աշոտ Ֆրանգուլյանին վրաերթի ենթարկելու և նրան մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ: 

Փաշինյանի պատմելով` դեպքի օրը Հայկը գնացել է Էկոնոմիկայի նախարարություն, որտեղից դուրս գալուց հետո մեքենայով հետընթաց է կատարել, որպեսզի դուրս գա փողոց և տեսել է, որ ինչ-որ մեկը (ըստ ոստիկանության դա եղել է Աշոտ Ֆրանգուլյանը) կանգնած է ավտոմեքենայի հետևում և, լսելով շարժիչի ձայնը, չի շարժվում տեղից: Հայկը ազդանշան է տվել, սակայն` անարդյունք: Հայկը իջեցրել է պատուհանը և այդ քաղաքացուն խնդրել մի կողմ քաշվել, որից հետո քաղաքացին մի կողմ է քաշվել: Սակայն, երբ Հայկը հետընթաց կատարելով փորձել է դուրս գալ տարածքից, լսել է, թե ինչպես է տվյալ քաղաքացին բղավել «վախ, վախ»: Հայկը, ըստ Փաշինյանի, տեսնելով, որ մեքենան չի հարվածել տվյալ քաղաքացուն, հեռացել է:

«Առավոտյան հարևանները տեսնում են, որ Հայկ Գևորգյանին ոստիկանական 4-5 մեքենաներ են շրջապատել և կալանավորել: Վովա Գասպարյանն իսկական մասկի շոու է կազմակերպել», - Նիկոլ Փաշինյանի ամփոփմամբ այդ հրահանգը տրվել է ինչ-որ մեկի կողմից «դեղի ազդեցության տակ»:

Թերթի խմբագրությունը բազմաթիվ քայլեր է ձեռնարկելու ի պաշտպանություն Հայկ Գևորգյանի, սակայն առաջին բանը, որ ակնկալում է լրատվամիջոցների զորակցությունն է, ասել է Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանի ասուլիսից երկու ժամ անց ՀՀ Ոստիկանությունում տեղի ունեցավ ՀՀ Քննչական գլխավոր վարչության բաժնի պետ Արմեն Այվազյանի մամլո ասուլիսը, որի ժամանակ նա նշեց, որ ոստիկանությունը հստակ և իրավաչափ է կատարել իր խնդիրը: 

Նշենք, որ ոստիկանության ներկայացուցիչները հայտարարությունն անելուց հետո հրաժարվել են պատասխանել լրագրողների հարցերին: Ոստիկանության պարզաբանումը ներկայացնում ենք ստորև:

: