Կառավարական զորքերի գրոհի արդյունքում Սիրիայում ավելի քան 200 մարդ է զոհվել (տեսանյութ)

10:14 • 04.02.12

Սիրիայում կառավարական զորքերը գրոհել են երկրը հյուսիսում գտնվող Հոմս քաղաքը, որտեղ հիմնականում գտնվում են ընդիմադիր ուժերը։ Կրակոցների արդյունքում ավելի քան 200 մարդ է զոհվել՝ տեղեկացնում է Associated Press-ը։

Գրոհի հիմնական կիզակետում եղել է Հալիդիյա թաղամասը։ Երեք ժամ տևած փոխհրաձգության արդյունքում զոհվել է առնվազն 217 մարդ, որոնց թվում կան կանայք ու երեխաներ։ Հարուրավոր մարդիկ վիրավորվել են։

«Սա իսկական կոտորած է, ընդիմադիր ուժերին ուղղված ամենադաժան հարվածը»,- ասել է Սիրիական դիտորդական խորհրդի տնօրեն Ռամի Աբուդարհմանը։ Նա նաև կոչ է արել, որպեսզի Արաբական լիգայի երկրների զորքերն անհապաղ աջակցեն իրենց։

Այսօր, Նյու Յորքի ՄԱԿ-ի շտաբ-բնակարանում այս հարցի շուրջ հատուկ խորհրդաժողով տեղի կունենա։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա մարտից Սիրիայում շարունակվում են կառավարության դեմ ցույցերը։ Ցուցարարները պահանջում են երկրի նախագահ Բաշար Ասադի հրաժարականը։ Այս պահի դրությամբ, բախումների արդյունքում զոհվել է ավելի քան 5 հազ մարդ։