Ասադի հակառակորդները ներխուժել են Սիրիայի դեսպանատներ

11:18 • 04.02.12

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի մոտ 20 հակառակորդ ներխուժել է Գերմանիայում Սիրիայի դեսպանատուն: Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը` վկայակոչելով ոստիկաններին, հարձակվողների թվում հիմնականում գերմանաբնակ սիրիացիներ են: Նրանք բոլորը ձերբակալվել են:

Անկարգությունների մասնակիցներն ավերել են աշխատասենյակները և պատերին գրել Ասադի ռեժիմի դեմ կարգախոսներ:

Գերմանիայի Արտաքին գործերի նախարարությունը քննադատել է հարձակվողների գործողությունները և հայտարարել, որ կձեռնարկվեն դիվանագիտական առաքելությունների անվտանգության ուժեղացման միջոցառումներ:

Բեռլինում Սիրիայի դեսպանատունն առաջին անգամ չէ, որ ենթարկվում է Ասադի հակառակորդների հարձակմանը: Նախորդ տարվա հոկտեմբերին ցուցարարները դեսպանատան վրա «ներկող ռումբեր» են նետել: Միջադեպի հետևանքով ոչ ոք չէր տուժել:

Ասադի հակառակորդներն այս գիշեր բողոքի ակցիա են անցկացրել նաև Լոնդոնում Սիրիայի դեսպանատան մոտ: Մոտ 150 մարդ այս քայլով իր դժգոհությունն է հայտնել սիրիական Հոմս քաղաքում 217 խաղաղ բնակչի սպանության կապակցությամբ: Ըստ Agence France-Presse-ի` դեսպանատանը վնաս չի հասցվել: Ոստիկանությունը ձերբակալել է 5 մարդու` դեսպանատան տարածք ապօրինի ներխուժելու համար:

Բողոքի ակցիա է անցկացվել նաև Կահիրեում սիրիական դեսպանատան առջև: Մի քանի մարդ կոտրել են դարպասները, ներխուժել շենք, ջարդուփշուր արել համակարգիչները և փորձել հրդեհել գրասենյակը:

Նախորդ տարվա մարտից Սիրիայում բախումներ են տեղի ունենում սիրիական բանակի ու Ասադի հակառակորդների միջև: Այս ընթացքում, ըստ ՄԱԿ-ի տվյալների, զոհվել է մոտ 6.000 մարդ: