CNN-ը պատմում է լիբանանահայ կինոռեժիսոր Նիկոլ Բեզջյանի մասին

12:04 • 04.02.12

CNN-ը ռեպորտաժ է պատրաստել լիբանանահայ կինոռեժիսոր Նիկոլ Բեզջյանի մասին, ով ապրում է Բեյրութի Բուրջ Համուդ թաղամասում, որը հայաբնակ լինելու պատճառով կոչվում է նաև «Փոքրիկ Հայաստան» (Little Armenia):
Հայազգի կինոռեժիսորը, ով ծնվել է Սիրիայում և ուսանել ԱՄՆ-ում, CNN-ի լրագրողին պատմում է, որ ամենից շատ իրեն տանն է զգում հենց «Փոքրիկ Հայաստանում»:

CNN-ը նաև պատմում է, որ Բուրջ Համուդը ձևավորվել է 1915թ. Հայոց ցեղասպանությունից հետո հայերի արտագաղթի արդյունքում:

Յոթանասունյոթամյա կինոռեժիսորն ասում է, որ հատկապես 1950-ից հետո Բուրջ Համուդը զգալի դեր է խաղացել հայապահպանության հարցում:

«Եթե ինձ հարցնեք, թե ինչ ազգության եմ պատկանում, կասեմ, որ հայ եմ: Բուրջ Համուդը զգալի դեր է խաղացել հատկապես 1950-ից հետո. հենց այստեղ է ծնունդ առել հայկական հայրենասիրությունը … հայկական գրականությունն այստեղ է կրկին արմատներ ձգել. Ինչ-որ առումով հայկական մշակույթն այստեղ է վերածնվել»,- CNN-ին ասում է Նիկոլ Բեզջյանը:
Տեսանյութն անդրադառնում է նաև 2003թ. Բեզջյանի նկարահանած ֆիլմին`«Մեռոն»-ին, որը մեռոնի պատրաստման արարողության մասին է: