Հունաստանի վարչապետը չի պատրաստվում հրաժարական տալ

10:33 • 04.02.12

Միջազգային վարկատուների պահանջների հարցում երկրի խորհրդարանական առաջատար կուսակցությունների հետ  համաձայնության չգալու դեպքում Հունաստանի վարչապետ Լուկաս Պապադիմոսը հրաժարական չի տա, ռուսական «Վզգլյադ» պարբերականի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է հունական կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Պանդելիս Կապսիսը:

Վերջինս միևնույն ժամանակ հերքել է մամուլում շրջանառվող լուրերը, համաձայն որոնց, վարչապետն սպառնացել է կուսակցությունների առաջնորդներին, որոնք աջակցում են կոալիցիոն կառավարությանը, հավանության արժանացնել վարկատուների` աշխատավարձերի ու կենսաթոշակների կրճատման վերաբերյալ պահանջները:

«Այդ մասին (հրաժարականի) խոսք չի եղել: Մենք բոլորս աշխատում ենք խնդրին լուծում տալու ուղղությամբ»,- ասել է Կապսիսը:

Լրատվամիջոցներում ուրբաթ լուրեր էին շրջանառվում, թե վարչապետն ակնարկել է, որ հրաժարական կտա, եթե քաղաքական կուսակցությունների առաջնորդները հրաժարվեն աջակցել իրեն միջազգային վարկատու «եռյակի» (Եվրամիության, Եվրոպական զարգացման բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի) հետ բանակցություններում: Վարչապետը և այդ հարցը փետրվարի 6-ին քննարկել է նաև Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլյասի հետ հանդիպմանը:

Ընդդիմադիր «Նոր ժողովրդավարություն» կուսակցության ներկայացուցիչները լրագրողներին հայտնել են, որ վարչապետը «ոչ թե պետք է քաղաքական կուսակցությունների առաջնորդների հետ խիստ լինի, այլ «եռյակի» ու եվրոպացիների»:

Վարչապետն այսօր պետք է պաշտոնական հանդիպում ունենա երեք կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Նրանց հետ բանակցություններից է կախված Եվրամիության ու Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից երկրորդ ֆինանսական փաթեթի տրամադրման հարցը (130 մլրդ եվրո):