Վարչապետը ներկա չէր «Հայկական Դավոսին»
Հայաստանը պետք է լինի արտադրող և արտահանող երկիր: Նման կարծիք այսօր հայտնեց ՀՀ էկոնոմիակյի նախարար Տիգրան Դավթյանը «Կամուրջ», իսկ ավելի շատ իր ոչ պաշտոնական անունով՝ «Հայկական Դավոս»-ով հայտնի համաժողովի ընթացքում, որն այս պահին ընթանում է Ծաղկաձորում:
«Վերջին շրջանում դրական միտումներ կան տնտեսության մեջ և այն բացասական սպասումները և երբեմն չափազանցված բացասական սպասումները, հնարավոր կլինի փարատել: Մեր տնտեսությունը համակցված է եվրոպականին և մեր արտահանման շուրջ 50%-ը արտահանվում է եվրոպական երկրներ և ազդեցություն է ունենում մեր տնտեսության վրա»,- ասաց նախարարը:
Նա նաև հիշեցրեց, որ անցած տարին երկրի տնտեսության վիճակը գնահատվել է դրական: Համախառն ներքին արդյունքի աճ է գրանցվել է՝ 4.5%: Արդյունաբերության ոլորտում ևս աճ է գրանցվել՝ 11.4%:
«Արտահանման ծավալների աճը գրեթե հասնում է 30 տոկոսի և ցանկացած երկրի համար լավ արդյունք է: Իսկ այս տարի մենք սկսում ենք ազատ տնտեսական գոտիների ձևավորմանն ուղղված աշխատանքներ: Եվ այս որոշումը արդեն հաստատել է կառավարությունը»,- ասաց նա:
Ըստ նրա՝ 2012թ.-ը հետաքրքրական է լինելու, քանի որ պայմանավորված է մի քանի գործընթացներով, որոնք ընթանում են համաշխարհային տնտեսության համակարգում: Նա վստահեցրեց որ գլոբալ տնտեսական ճգնաժամը էականորեն փոխեց տարբեր տնտեսական հարցերի նկատմամբ մոտեցումները:
«Կատարվեցին ճշգրտումներ, քննարկումներ և ուսումնասիրություններ, և դրանք տարբվում են այն մոտեցումներից որոնք ունեիքն մինչև համաշխարհային ճգնաժամը»,- ասաց նախարարը:
Համաժողովին նախատեսված էր նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթը, սակայն նա ներկա չէր: Պատճառը, ինչպես հայտարարվեց, վարչապետը առողջական խնդիրներն են:
Եռօրյա համաժողովի ընթացքում համաժողովի մասնակիցները կքննարկեն այնպիսի հարցեր, ինչպիսին են՝ արտահանումը, ապահովագրական շուկայի կատարելագործումը, ներդրումները, ինովացիոն զարգացման խնդիրները և այլն:
Ընդհանուր առմամբ, «Հայկական Դավոս» ոչ պաշտոնական անունը կրող համաժողովը անցկացվում է 9-րդ անգամ և արդեն ավանդական է դարձել:
Ծաղկաձորում մեկնարկել է «Կամուրջ» 9-րդ ամենամյա տնտեսական համաժողովը, որը կտևի միչև կիրակի։









