Շվեյցարիայում հետաքննություն է սկսվել թուրք նախարարի նկատմամբ
Շվեյցարացի իրավապահները մտադիր են ձերբակալել Թուրքիայի` եվրաինտեգրման հարցերով նախարար Էգեմեն Բաղըշին:
Ցյուրիխի պետական դատախազ Քրիսթին Բրաունշվայը Doğan Haber լրատվական գործակալությանը տված պարզաբանման մեջ ասել է.«Անցյալ շաբաթ մեր դատարան մի դիմում է ստացվել, որի համաձայն Բաղըշը Շվեցարիայում քրեական օրենսգրքի 261-րդ հոդվածում առկա ազգայնամոլության օրենքին դեմ է արտահայտվել:
Հետաքննություն է սկսվել, քանի որ դատարանն այդ պնդումը հիմնավոր է համարել: Հիմա մենք քննելու ենք հայոց ցեղասպանութունը ժխտելու մասին` Էգեմեն Բաղըշի արտահայտությունը: Կուսումնասիրենք նաև նրա դիվանագիտական անձեռնմխելիության հետ կապված հարցը:
Եվ վերջում դատական գործ կբացենք, եթե այս ամենը օրենքին հակասող լինի և դիվանագիտական անձեռնմխելիության խնդիր չլինի»:
Հունվարի 30-ին Բաղըշը, գտնվելով Շվեյցարիայում, որտեղ քրեական պատասխանատվություն է նախատեսված Հայոց ցեղասպանության ժխտման համար, ասել էր. «Մենք այժմ Շվեյցարիայում ենք, և ես հայտարարում եմ, որ 1915թ. դեպքերը ցեղասպանություն չեն։ Թող գան ու ձերբակալեն ինձ»:









