Գենդերային հավասարության մասին օրինագիծը կլրացվի ՀԿ-ների առաջարկով

17:01 • 06.02.12

Այսօր Ազգային ժողովում նախքան կհաստատվեր ԱԺ գարնանային նստաշրջանի առաջին քառօրյայի օրակարգը, ԱԺ կանոնակարգ օրենքի շրջանակներում նախատեսված «վարման կարգի» ընթացակարգի սահմաններում քննարկվեց նաև «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրինագիծը:

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զորհաբյանը խորհրդարանին տեղեկացրեց, որ Մարդու իրավունքների հանձնաժողովովի նախագահ Արամ Սաֆարյանը վաղը հասարակական կազմակերպությունների նկատառումները և առաջարկները կուղարկի կառավարություն: Ինչին ի պատասխան «Հանրապետական» պատգամավոր Հերմինե Նաղդալյանը հիշեցրեց, որ գենդերային իրավահավասարության այս հարցը մեկ-երկու քննարկրման առարկա չի, քանի որ սա երկար նախապատմություն է ունեցել:

«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության պատմգամավոր Արծվիկ Մինասյանն իր հերթին հիշեցրեց, որ ԱԺ կանոնակարգ–օրենքով նախատեսված է, որ պատգամավորները 14-օրյա ժամկետում կարող են իրենց առաջարկությունները ներկայացնել: Ուստիև, առաջարկվեց չսահմանափակել իրենց այդ իրավունքը:

Հիշեցնենք, որ օրերս Մարդու իրավունքների պաշտպանության և եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների նախաձեռնությամբ խորհրդարանական լսումներ հրավիրվեցին:

Կոալիցիոն և ընդդիմադիր կուսակցությունների կին և տղամարդ պատգամավորների բանավեճին վերջ տվեց «Հայաստանի հանրապետական կուսակցության» պատգամավոր Վարդան Այվազյանը, ով հիշեցրեց, որ արդեն անցել են օրենքի բովանդակային, այլ ոչ վարման կարգի քննարկմանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից էլ Էռնեստ Սողոմոնյանը գործընկեր տղամարդկանց կոչ արեց կանանց և տղամարդկանց իրավահավասարության մասին քննարկումներում ավելի զգույշ լինել:

Հիշեցնենք, որ խորհրդարանական լսումների ժամանակ մեծ կարևորություն էր տրվել կանանց և տղամարդկանց իրավահավասարության հարցին, ինչի կապակցությամբ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը նույնիսկ հիշատակել էր, որ դեռևս Մխիթար Գոշն էր «Հայոց դատաստանագրքում» խոսել կանանց գույքային իրավունքների, պատվի, արժանապատվության ճանաչման և հարգման, կնոջ ամուսնության իրավունքի, ամուսնական տարիքի, ամուսնալուծվելու, 2-րդ անգամ ամուսնանալու, և այլ իրավունքների մասին:

Tert.am-ի այն հարցին, թե հնարավո՞ր է այս օրինագծի արդյունքում կրկին փոփոխություններ լինեն Ընտրական օրենսգրքում և այնտեղ ավելացվի կանանց քվոտան, որ վերջին փոփոխություններով հասցվեց 20 տոկոսի, Հերմինե Նաղդալյանը բացասական պատասխան տվեց:

Նա նաև նշեց, որ տարիների ընթացքում, Ընտրական օրենսգրքից Ընտրական օրենսգիրք, Հայաստանում կանանց քվոտավորումը դինամիկ կերպով ավելացել է՝ 5%-ից հասել է մինչև 15%-ի:

Հիշեցնենք, որ իշխող կոալիցիայի կողմից ԸՕ-ի վերջին լրամշակմամբ՝ կուսակցությունների համամասնական ցուցակներում կանանց ներկայացվածությունը պետք է լինի 20 տոկոս: ԸՕ-ը նաև պահանջում է, որ ցուցակի ամեն վեցերորդը լինի կին: