Իշխանության ձեռնարկած սադրանքը մամուլի ազատության դեմ ձախողվեց. ՀԱԿ
«Հայ ազգային կոնգրեսը», անդրադառնալով «Հայկական Ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու Հայկ Գևորգյանի ազատարձակմանը, տարածել է հայտարարություն, որում ասվում է, որ մամուլի վրա ճնշում գործադրելու` իշխանությունների փորձը ձախողվեց:
«Իշխանության կողմից ձեռնարկված սադրանքը մամուլի ազատության դեմ ձախողվեց: Վարչախումբը չէր հաշվարկել, որ այս չորս տարիների ընթացքում Հայաստանում կայացել է քաղաքացիական հասարակություն, ում համար ժողովրդավարությունը և մամուլի ազատությունը դավանանք են»,- ասվում է հայտարարությունում:
Ըստ ՀԱԿ-ի`շնորհիվ հասարակության, լրատվական հանրության «աննախադեպ համախմբման և ընդվզման հնարավոր դարձավ պարտադրել այս իշխանություններին` փոփոխել Հայ Գևորգյանի խափանման միջոցը»:
Հիշեցնենք, որ ոստիկանությունը Հայկ Գևորգյանին մեղադրում է Աշոտ Ֆրանգուլյանին վրաերթի ենթարկելու և դեպքի վայրից փախուստի դիմելու մեջ: Գևորգյանը հերքում է մեղադրանքը` ասելով, որ դա շինծու մեղադրանք է և կապված է իր լրագրողական գործունեության հետ: «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից Հայկն ազատ է արձակվել այսօր:
««Հայ Ազգային Կոնգրեսը», ողջունելով բռնապետության նկատմամբ հասարակության տարած այս հաղթանակը, պահանջում է անմիջապես պատժել և քրեական պատասխանատվության ենթարկել անմեղ քաղաքացու և իր քաղաքացիական ու մասնագիտական պարտքը կատարող լրագրողի դեմ գործված սադրանքի հեղինակներին: Կոնգրեսը նաև կոչ է անում հասարակությանը, քաղաքական ուժերին և քաղաքացիական խմբերին գալիք ընտրություններից առաջ նույնքան զգոն լինել և համախմբված պայքարել ռեժիմի սպասվելիք սադրանքների դեմ»,- ասվում է հայտարարությունում:









