Նարկոլոգը լքում է մամուլի ասուլիսը խմիչքի գովազդի պատճառով
«Հայելի» ակումբում այսօր հրավիրված ասուլիսին Նարկոլոգիական կլինիկայի ղեկավար Պետրոս Սեմիրջյանը հրաժարվեց խոսել, թե Հայաստանում որքանով է տարածված թմրամիջոցներից կախվածությունը և խմիչքի գովազդի պատճառով լքեց մամուլի ասուլիսը:
Սեմիրջյանն ասաց, որ պատրաստ է պատասխանել լրագրողների հարցերին, եթե իր ետևից հանվի խմիչքի գովազդը: Սեմիրջյանի խոսքով` սկզբունքը պարզ է. ինքը խոսում է խմիչքների ու թմրանյութերի դեմ, սակայն իր ետևում գովազդվում է խմիչք:
Ընդհանուր հայտարարի չգալով նարկոլոգը հեռացավ մամուլի ակումբից:
Թմրանյութից և ընդհանրապես վատ սովորություններից կախվածության թեմայից խոսեց միայն հոգեբան Սամվել Խուդոյանը, ով թեև վիճակագրական տվյալներ չէր կարող ներկայացնել, մեջբերեց սեփական այցելուների վիճակագրությունը՝ ասելով, որ թմրամոլների թիվը Հայաստանում շատացել է:
Խուդոյանը նկատեց, որ եթե խորհրդային շրջանում թմրամոլի մասին լսելիս մարդիկ զարմանում էին, ապա այսօր դա արդեն սովորական է դիտվում:
Կախվածություններից թմրամոլությունը, ըստ նրա, ամենադժվար հաղթահարելի հիվանդությունն է: «Այն արագ ձևավորվող սովորություն է, որը գնալով լայն տարածում է ստանում ամբողջ աշխարհում»,- նշեց նա:
Ըստ հոգեբանի՝ թմրամիջոցներից կան տեսակներ, որոնց օգտագործումից մարդը երեք տարուց ավել չի կարող ապրել:
Սամվել Խուդոյանը բացատրեց, որ կախվածության դեմ պայքարելը մեկ այլ կախվածության է բերում, ինչպես օրինակ՝ թմրամոլը դառնում է ալկոհոլիկ : Սակայն, ըստ նրա, շատ հաճախ աղանդավորների շարքերում կարելի է տեսնել թմրամոլներ, որոնք, ըստ իրենց, Աստծուն նվիրվելով պայաքարում են կախվածության դեմ: Հոգեբանը սակայն հավատացնում է, որ դա նույնպես կախվածություն է և ոչ պակաս վտանգավոր:
Դեղորայքով բուժվելը Սամվել Խուդոյանի կարծիքով ոչ լիարժեք է, քանի որ հոգեգեբանական առումով նրանք մնում են նույն վիճակում: «Այս մարդկանց ինքնագնահատականը ընկած է: Նրանք իրականությունից կտրված են և իրենց գոյությունը համարում, են անիմաստ, ուստի կենսաբանական միջամտությունը օգուտ չի տալիս. սա ավելի շատ հոգեբանական խնդիր է»,- բացատրեց նա:
Բուժման ձևերից, նրա խոսքով, կարևոր է գոյության թերապիան՝ կյանքի իմաստավորում,: «Սա այն տարբերակն է, որ եթե թմրամոլը բացահայտեց կյանքի իմաստ, նա միանգամից կարող է հրաժարվել թմրամիջոցից առանց բուժման: Օրինակ՝ կորցրած երեխան է գտնվել, կամ նաև Աստծուն է սկսում ծառայել»,- ասաց նա:
Որպես բուժման միջոց Խուդոյանը նշեց նաև ճանաչողական թերապիան, որն ուղղված է մարդու մտածելակերպի փոփոխությանը, որպեսզի նա ադեկվատ գնահատի իրականությունը:
Ինչպես ամենուր Հայաստանում նույնպես թմրամոլությունը տարածված է դեռահասների շրջանում, քանի որ նրանք վտանգ չեն զգում: Հայաստանում ամենից շատ տարածված է խաղամոլությունը, սակայն, ըստ նրա, ի տարբերություն եվրոպայի, որտեղ սրա դեմ պայքարը համարվում է ամենաբարդը, Հայաստանում հոգեբանը սա համարում է ամենհեշտ լուծելի խնդիրը:









