ՆԱՏՕ-ն անօդաչուների միասնական ծրագիր է սկսում
Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների պաշտպանության նախարարները որոշել են անօդաչուներ ձեռք բերել` Alliance Ground Surveillance (AGS) ծրագրի շրջանակում ծովում ու ցամաքում հետախուզական օպերացիաներ իրականացնելու նպատակով:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով Նորվեգիայի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջը, AGS ծրագրի վերաբերյալ պայմանագիրը ստորագրվել է ուրբաթ օրը, փետրվարի 3-ին, գրեթե 20 տարի տևած վիճաբանություններից հետո, թե ինչպես պետք է իրականացվի համատեղ օպերացիաների ֆինանսավորումը: Ավելի վաղ անօդաչուների մասնակցությամբ գործողություններ ՆԱՏՕ-ի անդամ երկրներն անցկացրել են ինքնուրույն:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը նշել է, որ Բրյուսելում դաշինքի անդամ երկրների պաշտպանության նախարարները պայմանավորվել են AGS ծրագրի իրականացման համար գնել Northrop Grumman-ի արտադրության 5 Global Hawk RQ-4B անօդաչու ինքնաթիռ: Դրանք կտեղակայվեն իտալական Սիգոնելա ավիաբազայում:
Reuters-ի տվյալներով` ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրներից ծրագրին կմասնակցեն 13-ը` Բուլղարիան, Ռումինիան, Սլովակիան, Սլովենիան, Չեխիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Գերմանիան, Իտալիան, Լյուքսեմբուրգը, Նորվեգիան և Միացյալ Նահանգները:
Նախագծի մեկնարկը նախատեսված է 2015 թվականին: Միևնույն ժամանակ նորվեգական պաշտպանության նախարարության կայքում նշվում է, որ Global Hawk-ի շահագործումը կսկսվի 2017 թվականին:
Alliance Ground Surveillance-ում կներգրավվեն նաև EADS եվրոպական կոնցեռնի գերմանական ստորաբաժանումը, իտալական Galileo Avionica ընկերությունը, որը մտնում է Finmeccanica կորպորացիայի մեջ, ինչպես նաև General Dynamics ընկերության կանադական ստորաբաժանումը: Ծրագրում Նորվեգիայի ներդրումը կկազմի մոտ 320 մլն նորվեգական կրոն (55 մլն դոլար):
Ծրագրի շրջանակներում, բացի հետախուզական գործողություններից, ծրագրվում է օվկիանոսների մեծ հատվածների, տրանսպորտային ուղիների, ինչպես նաև նավթա և գազատարների մոնիթորինգ:









