Wikileaks-ի ինֆորմատորը կարող է Նոբելյան մրցանակ ստանալ
Wikileaks-ին գաղտնի փաստաթղթերի փոխանցման մեջ մեղադրվող 24-ամյա ամերիկացի զինվոր Բրեդլի Մենինգը կարող է աշխարհի Նոբելյան մրցանակի արժանանալ: Իսլանդիայի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ նամակ են ուղարկել Նոբելյան կոմիտե` Մենինգին մրցանակի հավակնորդների շարքն ընդգրկելու խնդրանքով:
Ինչպես իր բլոգում գրել է պատգամավորներից Բիրգիտա Յոնսդոտիրը, նամակում նշվում է, որ Մենինգի օգնությամբ մերկացվել են Միացյալ Նահանգների տարիներ շարունակ արված ռազմական հանցագործությունները:
«Դա հանգեցրել է աշխարհում ժողովրդավարական ապստամբությունների, ազդել Օբամայի վարչակարգի` Իրաքից զորքը դուրս բերելու որոշման վրա»,- նշել են պատգամավորները:
Ներկայում Մենինգը կալանավորված է: Ըստ մամուլի` զինվորի վրա պարբերաբար գործադրվում են հոգեբանական ճնշումներ: Wikileaks-ի ինֆորմատորին կդատի Ռազմական տրիբունալը: Նախորդ շաբաթավերջին իշխանությունները հայտարարել են, որ շարքային Մենինգին սպառնում է ցմահ ազատազրկում:
Նախորդ տարի ամերիկյան մշակութային ու հասարակական ավելի քան 250 գործիչներ ստորագրել են Մենինգի աջակցության նամակի տակ:
Նախորդ տարի աշխարհի Նոբելյան մրցանակի համար առաջադրվել էր Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի թեկնածությունը: Ըստ նորվեգացի երիտասարդ քաղաքական գործիչ Սնորե Վալեի` հազարավոր գաղտնի փաստաթղթերի հրապարակումն օգնել է մարդու իրավունքների, ժողովրդավարության ու խոսքի ազատության զարգացմանը:









