Հադրութում զինվորն սպանվել է ծառայակցի արձակած կրակոցից. ՊՆ
Ըստ Պաշտպանության նախարարության նախնական տվյալների՝ փետրվարի 5-ին, ԼՂՀ պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող, 20-ամյա Մարատ Ալեքսանդրի Դիմաքսյանը սպանվել է ծառայակցի կողմից արձակած կրակոցից:
ՊՆ մամուլի ծառայության պաշտոնական կայքում նշվում է, որ ԼՂՀ N զորամասի մարտական դիրքում նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Գոռ Արայիկի Ալավերդյանը, խախտելով իրեն ամրակցված ինքնաձիգի հետ վարվելու կանոնները, կրակոց է արձակել և աջ ուսագոտու շրջանում հրազենային վիրավորում հասցրել ժամկետային զինծառայող, շարքային Մարատ Ալեքսանդրի Դիմաքսյանին:
Մարատ Դիմաքսյանը ժամը 21:00-ի սահմաններում զինհոսպիտալ տեղափոխելու ճանապարհին մահացել է:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 373 հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Tert.am-ը հայտնել էր, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Հադրութի) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Մարատ Ալեքսանդրի Դիմակսյանը:









