Ռուսաստանում քաղբանտարկյալներ չկան. Պուտին

18:37 • 06.02.12

Ռուսաստանում քաղբանտարկյալներ չկան, այս մասին այս մասին այսօր քաղաքագետների հետ հանդիպմանն ասել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ, նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինը:

«Ես լավ չեմ հասկանում` ի՞նչ ասել է քաղաքական համաներում: Մեզ մոտ, իմ կարծիքով, քաղբանտարկյալներ չկան, և փառք Աստծո: Չնայած դրա մասին խոսում են, բայց ազգանուններ չեն նշում: Գոնե ցույց տային մեկ մարդու, որը նստած է քաղաքական դրդապատճառներով»,- ՌԴ վարչապետի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը:

Վլադիմիր Պուտինին ուղղված հարցերից մեկը վերաբերել է նրան, թե ինչպես է ՌԴ վարչապետը վերաբերվում իր մրցակից, նախագահի թեկնածու Միխայիլ Պրոխորովի այն առաջարկին, ըստ որի, Հյուսիսային Կովկասը մինչև 2020 թ. պետք է ազատել հարկերից և կրճատել այդ տարածաշրջանին տրամադրվող սուբսիդիաները:

«Կարելի է նման բան անել, բայց դա կնշանակի, որ մենք լիովին կկորցնենք այդ տարածաշրջանում ռեսուրսների հսկողությունը: Ես չեմ կարծում, որ դա այսօր ճիշտ է, իրագործելի, և որ դա կտա լավ արդյունք»,- ասել է Պուտինը:

Ի դեպ, Պետդումայում վերջերս դավաճանության մեղադրանքներ են հնչել «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցության հասցեին, որի պատգամավորները հանդիպում են ունեցել ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Մայք Մաքֆոլի հետ: Պուտինն այս առնչությամբ նշել է, որ նախագահի թեկնածուներից և ոչ մեկն ունակ չէ դավաճանել երկրի շահերը:

«Նախագահի պաշտոնի համար պայքարող թեկնածուներից և ոչ մեկը չի դավաճանի երկրի շահերը: Ես սա ամենայն պատասխանատվությամբ եմ ասում: Ես նրանց վաղուց գիտեմ, դրանում համոզված եմ»,- վստահեցրել է նա:

Հարցին, թե որոնք են Պուտինի սիրելի ռուս պետական գործիչները, որոնք օրինակ են ծառայում իր համար, ՌԴ վարչապետը բարձր է գնահատել Ալեքսանդր Նևսկու, Պյոտր I-ի և Եկատերինա II-ի գործունեությունը: «Փառք Աստծո, մեր երկրի պատմությունը հարուստ է դրական օրինակներով»,- ասել է նա: