«Ուրիշ ելք չունեք». քաղաքապետարանն առաջարկում է քննարկել վիճելի շենքերի հարցը
Նալբանդյան, Թումանյան, Սայաթ-Նովա, Ավագ Պետրոսյան փողոցների շենքերի բնակիչներն այսօր ասուլիս էին հրավիրել, որպեսզի հայտարարեն, որ քաղաքապետարանի հետ իրենք որևէ համաձայնության չեն եկել, և շարունակում են դեմ լինել այդ տարածքում նախկին մանկապարտեզի փոխարեն բարձրահարկ թվով 4 կառույցներից բաղկացած շենք կառուցելուն:
Բնակիչներից Ռիտա Կարապետյանը նշեց, որ քաղաքապետը վերջերս նրանց հետ հանդիպում է ունեցել, ոչ թե այն պատճառով որ իրենց լսի, այլ ներկայացնի, թե իրենք համաձայնել են արդյոք առաջարկվող արդեն 7 հարկանի բարձրահարկ կառուցելու նախագծին:
«Սկզբում նախատեսվել էր 16 հարկանի շենքի կառուցում, ապա դարձրեցին 9-ը և հիմա էլ առաջարկում են 7 հարկանի շենք: Բայց մենք ոչ մի կերպ չենք համաձայնի, քանի որ, ըստ սեյսմիկ ծառայությանը մեր կողմից դիմած պատասխանի, տարածքը սեյսմակայուն չէ»,- ասաց նա:
Բնակիչները համաձայն են, որ տարածքում վերականգնվի մանկապարտեզը, որին կավելացվի ևս երկու հարկ: Վերևի երկու հարկերը կնախատեսվի տեղի այն բնակիչների համար, որոնց խոսք է տրվել սեփական տների փոխարեն բարձրահարկում տեղ հատկացնել:
Քաղաքապետարանից ասուլիսին ներկա էր նաև գլխավոր ճարտարապետի խորհրդական Աշոտ Հակոբյանը, ով ներկայացել էր տարածքի քարտեզը, ըստ որի, այստեղ այս պահին առկա են մի շարք անօրինական կառույցներ՝ ավտոտնակներ, բնակելի տներ, բարաքներ:
«Խնդիրը պարզ է. բակային տարածքում շենք են կառուցում: Ողջունելի է քաղաքացիական նման ակտիվությունը, բայց ուր էին այս նույն բնակիչները, երբ այս տարածքում անօրինական կառույցներ էին տեղադրվում: Դա մի միջավայր է, որտեղ ոչ մի խաղահրապարակ չես տեսնի»,- ասաց նա:
Բնակիչները հակադարձեցին` ասելով, որ եթե իրենք ակտիվ չեն եղել, ապա դա չի նշանակում, որ քաղաքապետարանը իրավունք ունի խնդրին նման շարունակություն տալ:
Բնակիչները հայտարարեցին, որ իրենք պատրաստ են սեփական միջոցներով տարածքը կանաչապատել, խաղահրապարակ կառուցել: Մինչդեռ քաղաքապետարանի ներկայացուցիչը նշեց, որ մանակապարտեզի վրա ևս երկու հարկ հազիվ թե կառուցվի, քանի որ ոչ մի ներդրող նման համաձայնություն չի տա: Ըստ նրա՝ սրանք քաղաքաշինական ծրագրեր են, որոնք արդեն որոշված են և պետք է իրագործվեն:
Բնակիչները կրկին հակադարձեցին` ասելով, որ քաղաքաշինական ծրագրերը դոգմա չեն կարող լինել, և այն կարելի է փոփոխության ենթարկել:
Աշոտ Հակոբյանը առաջարկեց բնակիչներին փորձագետներ ներառել, պահանջել քաղաքապետարանից այն նախագիծը, որը փոփոխելով առաջարկում է և սեփական փորձագիտություն անցկացնել: «Սա կոնկրետ քննարկման ուղերձ համարեք, ուրիշ ելք չունեք»,- եզրափակեց նա:









