«Ազատ դեմոկարտներ»-ի հնարավորությունները շատ ռեալ են. Խաչատուր Քոքոբելյան

14:16 • 06.02.12

«Ազատ դեմոկարտներ» կուսակցությունն ստեղծվել է ռեալ քաղաքական դաշտի պակասի պատճառով, այս մասին այսօր հրավիրված ասուլիսն ասաց կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը:

Նրա բնորոշմամբ` կուսակցության անդամներն առաջին հերթին ազատական գաղափարախոսության կրողներ են, որի պակասը, ըստ նրա, քաղաքական դաշտն ունի:

Ըստ Խաչատուր Քոքոբելյանի՝ քաղաքական ուժերն իրենց տեղում չեն և առաջիկա խորհրդարանական ընտրությունների համար դիրքային պայքար է գնում:

«Ազատ դեմոկարտներ» կուսակցության նախագահը վստահ է, որ թե′ խորհրդարանական, և թե′ արտախորհրդարանական ընդդիմության ռեսուրսը շատ սահմանափակ է, ուստի նա կոչ արեց նրանց կամք գտնել և մեծամասնական ընտրակարգով նույն տեաղմասում տարբեր թեկնածուներ չառաջադրել:

«Եթե խաղի կանոններն այդպիսին են, ապա պետք է հաշվի առնել հնարավորությունները և օգտագործել այն»,- նշեց նա:

Քոքոբելյանի համոզմամբ`կուսակցությունը շատ ռեալ հնարավորություններ ունի: «Մեր կուսակցությունում հավաքված են այնպիսի մարդիկ, որոնք քաղաքական դաշտում մեծ փորձ ունեն»,- ասաց նա և ավելացրեց, որ նրանցից մի մասն եկել է 1988թ-ի շարժումից և իրենց ուսերին է տարել «այդ բեռի մի մասը»:

Խոսելով հնարավոր դաշինքների մասին կուսկացության նախագահը կրկին չհերքեց «Ժառանգության» հետ համագործակցությունը, քանի որ ըստ նրա, իրենք ունեն գաղափարական ընդհանրություններ: Սակայն վերջնական որոշում, նրա խոսքով, դեռ չկա:

Ընտրացուցակի ձևավորման հարցը Խաչատուր Քոքոբելյանը ամենավերջին խնդիրն է համարում կուսակցության համար: Ցուցակը կհրապարակեն, երբ դրա իրավունքը ունենան: